Ադրբեջանական Lenta.az կայքը երեկ հոդված է հրապարակել թուրքական մամուլում հրապարակվող հակաադրբեջանական նյութերի վերաբերյալ։
Այս մասին գրում է Kharabakh Records տելեգրամյան ալիքը։
«Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»-շեշտել է ադրբեջանական կայքը։ Դրանում դժգոհություն է արտահայտվել այն առիթով, որ Իսրայել-Պաղեստին հակամարտության ժամանակ, ինչպես նաև Իսրայել-Իրան բախումների ընթացքում թուրքական մամուլում Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ֆոնին «զրպարտչական բնույթի» տեղեկություններ են հրապարակվում։
Lenta.az-ը նշել է, թե «այդ լուրերից ամենաշատն օգտվում են հայերը»։
Թեմային անդրադարձել է նաև Թուրքիայում գործող Haber Global լրատվամիջոցը, որը կապված է ադրբեջանական շրջանակների հետ։ Լրատվամիջոցը «կեղտոտ օպերացիա» է անվանել թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնցում դժգոհություն կա Իսրայելին Ադրբեջանի աջակցությունից։ Նշել է, թե այդ շրջանակների թիրախում «Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունն ու բարեկամությունն» են Ալիևի՝ Թուրքիա այցից առաջ։
Kharabakh Records-ը տեղեկացրնում է, որ Ալիևի այցի շրջանակում իրականացվելու է փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո Բաքվի աջակցությամբ կառուցված «Ադրբեջանի թաղամասի» բնակարանների հանձնման արարողությունը։
Region Monitor-ի հաղորդմամբ՝ առաջացած աղմուկը երեկ թուրքական մեդիայում տարածված այն լուրերի հետ է կապված, որ Փարիզը չի թույլատրել իսրայելական զենքերի ցուցադրությունը Paris Air Show-ի շրջանակում։ Թուրքական ԶԼՄ-ները Ֆրանսիայի դիրքորոշումը հակադրել են նախորդ տարի Ադրբեջանում անցկացված ADEX 2024-ին, որի ընթացքում Ալիևի թույլտվությամբ ցուցադրվել են իսրայելական զենքերը։
«Ողջ Թուրքիան դժգոհել էր Ալիևին։ Ֆրանսիան անում է այն, ինչ Ադրբեջանը չի արել»,-գրել էին նաև առաջատար թուրքական ԶԼՄ-ները։


Դրանցից իսլամամետ Yeni Akit-ն օրերս Ադրբեջանի նկատմամբ բացասական երանգներով է ներկայացրել նաև այնպիսի լուրեր, ինչպիսիք են Ադրբեջանի նախագահի՝ Պաղեստինի դեսպանի հավատարմագրերն ընդունելու վերաբերյալ տեղեկությունը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հերքումը, թե «Ադրբեջանն Իսրայելի համար Իրանում լրտեսներ է տեղակայել»։
Կայքն Ալիևին բնորոշել էր որպես «Իսրայելի աջակից», որը վերջերս «չի անտեսում» նաև Պաղեստինի ժողովրդին։
«Իսրայելի հետ հարաբերությունները գնալով ամրապնդող և Թել Ավիվին ամեն առիթով իր աջակցությունը հայտնող Ադրբեջանն աչքաթող չի անում նաև Պաղեստինի ժողովրդի օգտին ուղերձներ տալը»-հեգնել էր Yeni Akit-ը՝ ուշադրություն հրավիրելով Ալիևի «իսլամական համերաշխության» ուղերձին։








