Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի որոշմամբ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը թոշակի է ուղարկվել: Նրա փոխարեն նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
2021 թվականին գեներալ դարձած Բայրաքթարօղլուն 2023-ից զբաղեցնում էր Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնը: Այժմ այդ պաշտոնին նշանակվել է գեներալ Մեթին Թոքելը:
Ռազմածովային ուժերի հրամանատար Էրջյումենթ Թաթլըօղլուի և օդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի լիազորությունները երկարաձգվել են մեկ տարով:
Գեներալ-գնդապետ Բախթիյար Էրսային նույնպես շնորհվել է բանակի գեներալի կոչում։ Էրսայը 2022 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։ Նշվել էր նաև, որ նա մասնակցել է 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը և կազմակերպմանը։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի Գերագույն ռազմական խորհուրդը բարձրացրել է 32 գեներալի և ծովակալի կոչում, իսկ 61 գնդապետի շնորհել է գեներալի կամ ծովակալի կոչում։ Թուրքիայի զինված ուժերում գեներալների և ծովակալների թիվը 316-ից կհասնի 332-ի։








