Ոչ՛ գործընկերներ, ոչ՛ թշնամիներ․ Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին տասնամյակում
Երկարամյա պատմություն ունեցող թուրք-ամերիկյան հարաբերություններն ի սկզբանե աչքի են ընկել բարեկամական ու դաշնակցային բնույթով, իսկ 1952 թ. ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությամբ, երկու երկրների միջև համագործակցությունը ձեռք է բերել նաև ռազմական բաղադրիչ: Աշխարհաքաղաքական ու ռազմավարական տեսլականների համընկնումները բազմիցս հնարավորություն են ընձեռել այս պետություններին հաջողությամբ իրականացնել իրենց քաղաքականությունն աշխարհի տարբեր անկյուններում, սակայն պատմության ընթացքում երկու երկրների հարաբերություններում ի հայտ են եկել նաև ճգնաժամային փուլեր և լարվածություններ:
Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունների առիթ են եղել 1962 թ. «Կարիբյան ճգնաժամը» հաղթահարելու և ԽՍՀՄ-ի հետ առճակատումից խուսափելու նպատակով ԱՄՆ-ի կողմից առանց բանակցությունների հրթիռների դուրս բերումը Թուրքիայից, 1964 թ. ԱՄՆ նախագահ Լ. Ջոնսոնի սպառնալից նամակը Թուրքիայի վարչապետ Ի. Ինյոնյուին՝ Կիպրոսում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով, 1974 թ. ԱՄՆ-ում թմրանյութերի օգտագործման դեմ պայքարի շրջանում «քնաբեր կակաչի վերստին աճեցման» մասին Թուրքիայի որոշումը, նույն թվականին Կիպրոսում շարունակվող թուրքական ռազմագործողության դեմ ԱՄՆ-ի սահմանած զենքի էմբարգոն, որին ի պատասխան՝ Թուրքիան արգելեց ամերիկացիներին օգտագործել «Ինջիրլիք» ռազմաբազան: Ճգնաժամային է եղել նաև 2003 թվականը. նախ Թուրքիայի Խորհրդարանը մերժեց մարտի 1-ի օրինագիծը, որով ամերիկյան զորքերին չթույլատրվեց Թուրքիայի տարածքով ներխուժել Իրաք, ապա հուլիսի 4-ին Իրաքի հյուսիսային Սուլեյմանիե քաղաքում ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Օդիերնոյի հրահանգով ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանման ու Հյուսիսային Իրաքի քուրդ զինվորները, ձերբակալելով Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի 12 սպաների ու ենթասպաների, նրանց գլուխներին հագցրին պարկեր և տարան Բաղդադ (այս սկանդալը հայտնի է «ամոթալի պարկի» դեպքեր անվամբ): Ինչևէ, ժամանակին Թուրքիան և ԱՄՆ-ն կարողացել են հաղթահարել այս բոլոր ճգնաժամերը:
Սակայն վերջին տասնամյակում թուրք-ամերիկյան հարաբերությունները տարբեր գործոնների ազդեցությամբ փոփոխություններ են կրել, որոնց բնույթը հասկանալու համար հարկավոր է դիտարկել երկու երկրների միջև առկա գլխավոր հակասությունները:
2010թ. սկսված «Արաբական գարնան» գործընթացները հյուսիսաֆրիկյան և մերձավորարևելյան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը, Լիբիան, Սիրիան, դարձան կարևոր փորձաքար Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերությունների համար: Չնայած սկզբնական շրջանում կողմերն աջակցում էին հիմնականում այդ երկրների ընդդիմադիր ուժերին՝ հետագայում Անկարան զգաց, որ իրավիճակը կարող է օգտագործել տարածաշրջանում սեփական ազդեցությունը մեծացնելու նպատակով, ինչի արդյունքում դաշնակիցների ուժային նախընտրությունները հաճախ սկսեցին տարբերվել:
Մասնավորապես, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը երկու երկրների համար էլ ընդունելի էր, սակայն 2013 թ. ռազմական հեղաշրջմամբ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով Մուհամմեդ Մուրսիի ռեժիմի տապալումն առաջացրեց Թուրքիայի զայրույթը: Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր կուսակցության համակրանքն ու սերտ կապերն էին վերոհիշյալ կազմակերպության հետ: Մինչդեռ New York Times-ը գրում է, որ Մուրսիի տապալումից հետո Եգիպտոսում իշխանության եկած Աբդել Ֆեթահ ալ Սիսիի խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր «Մուսուլման եղբայրներ»-ին ահաբեկչական կազմակերպություն ճանաչել, ինչի հետևանքով «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կարող են էլ ավելի լարվել»:
Թուրք-ամերիկյան հարաբերությունները պակաս լարված չեն նաև Լիբիայի պարագայում, որտեղ 2011 թ․ քաղաքացիական պատերազմի արդյունքում Մուամար Քադաֆիի տապալումից հետո գործում է երկու կառավարություն. երկրի արևելքում գործող ուժը հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող Լիբիայի ազգային բանակի վրա, իսկ Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) իշխում է հյուսիս-արևմուտքում՝ Ֆաիզ ալ Սարաջի ղեկավարությամբ: Հաֆթարի ուժերը ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Ռուսաստանի աջակցությամբ 2019 թ․ ապրիլից վերսկսել են պայքարը ԱՀԿ-ի դեմ: Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Թուրքիան Լիբիայում աջակցում է ԱՀԿ-ին, որին օժանդակելու նպատակով 2020 թ. հունվարի 2-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտահերթ նիստում ընդունվել է Լիբիա զորք ուղարկելու մասին բանաձևը:
Անկարայի և Վաշինգտոնի շահերի հակասումը 2011 թ. բռնկված սիրիական հակամարտության հարցում ևս ունեցավ յուրահատուկ դրսևորումներ: Բաշար ալ Ասադի վրա ճնշումներ գործադրելու հարցում ԱՄՆ-ն և իր տարածաշրջանային դաշնակիցները, այդ թվում՝ Թուրքիան, ակտիվորեն համագործակցում էին: Սակայն սեփական առաջնահերթություններից ելնելով՝ Թուրքիան սկսեց ուղղակի և անուղղակի աջակցություն տրամադրել Սիրիայում գործող տարբեր ընդդիմադիր խմբերի, այդ թվում՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը, մինչդեռ այդ ընթացքում ԱՄՆ-ի ակնհայտ աջակցությունը ստացող քրդերը լուրջ հաջողություններ էին գրանցում Սիրիայի կառավարական ուժերի և ԻՊ-ի դեմ մղված պայքարում: ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում էր նաև «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար, սիրիացի քուրդ Մազլում Քոբանիի հետ, որին Էրդողանը կոչում է ահաբեկիչ և ԱՄՆ-ից պահանջում նրա արտահանձնումը: Թուրքիան իր դժգոհությունն էր հայտնում ԱՄՆ-ին՝ սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD, քրդ.՝ Partiya Yekîtiya Demokrat) զինված ճյուղավորումը համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG, քրդ.՝ Yekîneyên Parastina Gel) խմբավորմանը ֆինանսավորելու կապակցությամբ: Քրդական ինքնիշխան պետության ստեղծման վտանգն իր անմիջական սահմանի հարևանությամբ Թուրքիային դրդեց ներխուժել Սիրիայի տարածք և իրականացնել ռազմական գործողություններ՝ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով: Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմագործողությունները ստիպեցին ԱՄՆ-ին Թուրքիայի նկատմամբ տարբեր պատժամիջոցներ սահմանել: Թուրք-ամերիկյան տարակարծությունները, թերևս, առնչվել են քրդական հարցին և ստեղծվելիք անվտանգության գոտու դետալներին:
Վերոհիշյալ հակասությունները Թուրքիային մղեցին Ռուսաստանի և Իրանի հետ համատեղսիրիական խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների նոր ձևաչափ սկսել Աստանայում: Այս քայլով փորձ էր արվում ԱՄՆ-ին հասկացնել, որ եթե վերջինս մի շարք կարևոր հարցերում չընդառաջի Թուրքիային, ապա նրան էլ ավելի կվանի իրենից և կուղղորդի դեպի ՌԴ: Ի հակակշիռ ԱՄՆ-ի՝ ռուս-թուրքական համագործակցությունը գնալով ավելի շատ ոլորտներ էր ընդգրկում (թեև այս ճակատում էլ միշտ չէ, որ ամեն ինչ հարթ էր):
Այս լարված ֆոնին 2018 թ. դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ն հայտարարեց ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի և իր զինծառայողներին Սիրիայից դուրս բերելու մասին: ԱՄՆ-ի այս որոշումով քրդերը միայնակ մնացին, ինչը թուրքական զինուժի ներխուժման համար ճանապարհ հարթեց. 2019 թ. հոկտեմբերի 9-ին թուրքական կողմը ձեռնարկեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Եվ չնայած ավելի վաղ Թրամփը սպառնացել էր ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինս ամերիկացիների հեռանալուց հետո որոշի հարձակվել Սիրիայի քրդերի վրա՝ նա նաև կարևորել էր, որ քրդերը չսադրեն Թուրքիային, ինչպես նաև Սիրիայում 20 մղոն (32 կմ) խորությամբ անվտանգության գոտի ստեղծվի: Այսպիսով, ԱՄՆ-ն, ըստ էության, ցույց տվեց, որ համաձայն է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծմանը, ինչը թույլ տվեց խուսափել Թուրքիայի հետ խնդրի հետագա բարդացումից, իսկ պատժամիջոցները վերացան ռազմական գործողության ավարտին:
Սակայն, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում էլ ավելի լուրջ ճգնաժամերի փուլ սկսվեց Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հեղաշրջման փորձի պատասխանատվությունը դրեց իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի վրա, իսկ վերջինիս աջակիցները ձերբակալվեցին «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանը» (թուրք.՝ FETÖ) ենթադրաբար անդամակցելու մեղադրանքով: 1999 թ․-ից ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ Թուրքիայի պահանջն ԱՄՆ-ն մինչ օրս չի բավարարել: Այդ պատճառով Էրդողանն ու իր թիմակիցները պարբերաբար անուղղակի մեղադրանքներ են հղում ԱՄՆ-ի հասցեին՝ հեղաշրջման փորձի կազմակերպման առնչությամբ: Դրանից զատ, Թուրքիայում գյուլենականության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացիների ու ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների թուրք աշխատակիցների ձերբակալությունները հանգեցրին դիվանագիտական լուրջ սկանդալի և 2017 թ. հոկտեմբերին կողմերը փոխադարձաբար դադարեցրին վիզաների տրամադրումը:
Այս ֆոնին ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարումը գագաթնակետին հասավ 2018 թ. ամռանը, երբ 2016 թ. հեղաշրջման փորձի գործով ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի պատճառով ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին: Այդ ընթացքում թուրքական արժույթն աննախադեպ արժեզրկվեց՝ 1 ԱՄՆ դոլարը հավասարվեց 7.21 թուրքական լիրայի: Ավելի ուշ՝ 2018 թ. հոկտեմբերին, Էնդրյու Բրանսոնն ազատ արձակվեց, ինչը միտված էր թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության թուլացմանը:
Թուրք-ամերիկյան հարաբերություններում մեկ այլ լարվածության սկիզբ դրվել էր 2017 թ. դեկտեմբերին, որի պատճառը Թուրքիայի կողմից ռուսական արտադրության Ս-400 (ռուս.՝ С-400) ՀՕՊ համակարգերի գնման գործարքն էր: Ամերիկյան կողմը բազմիցս սպառնացել էր, թե Թուրքիան ռուսական համակարգերը գնելու պատճառով կարող է դուրս մնալ ամերիկյան Ֆ-35 (անգլ.՝ F-35) կործանիչների ծրագրից, կարող է վտանգվել վերջինիս անդամակցությունը ՆԱՏՕ-ին, և Անկարան կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ: 2019 թ. մարտի 28-ին ԱՄՆ Սենատի մի քանի ներկայացուցիչ քննարկման էին ներկայացրել օրենքի նախագիծ, որով արգելվելու էր Թուրքիային մատակարարել Ֆ-35 կործանիչներ, մինչև չհաստատվեր, որ Թուրքիան հրաժարվել է Ս-400 ՀՕՊ համակարգերից: Սակայն իր որոշման մեջ անդրդվելի Էրդողանը հետ չկանգնեց գործարքից, և 2019 թ. հուլիսի 12-ից սկսվեց ռուսական արտադրության Ս-400 ՀՕՊ համակարգերի պահեստամասերի մատակարարումը Թուրքիա: Արդյունքում Պենտագոնը (ԱՄՆ պաշտպանության նախարարությունը), հեռացրեց Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից՝ պատճառաբանելով, որ դրանք անհամատեղելի են Ս-400 համակարգերի հետ:
Վերջին տասնամյակում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա ազդող գործոնների շարքում էր նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ 50 նահանգներից 49-ում արդեն ընդունվել են ճանաչման բանաձևեր, իսկ 2010 թ. մարտի 4-ին համապատասխան որոշում ընդունել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն: Սակայն Թուրքիայում անհամեմատ ավելի մեծ հնչեղություն ունեցավ 2019 թ. հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից «Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձևի», իսկ դեկտեմբերի 12-ին՝ ԱՄՆ Սենատի կողմից «Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի» ընդունումը: Այդ առիթով Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում ԱՄՆ դեսպանը, ում հայտնել էին, որ Ներկայացուցիչների պալատի որոշումը հակասում է «երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությանը»: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված էր, որ բանաձևը միտված է գոհացնելու ԱՄՆ-ի հայկական լոբբիին ու հակաթուրքական շրջանակներին, և այն բացասաբար կազդի Միացյալ Նահանգների հետ կապված թուրքական հանրության ընկալումների վրա: Բացի այդ, ուշագրավ հատարարություն էր արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ այդ կերպ փորձում են իրենցից վրեժ լուծել Սիրիայում իրականացրած «Խաղաղության ակունք» գործողության համար:
2020 թ. հունվարի 8-ին տեղի ունեցավ թուրք-ռուսական համատեղ ծրագրերից ևս մեկի՝ «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը: Դրան հաջորդեց ԱՄՆ նախագահի կողմից Պենտագոնի 2020 թ. ռազմական բյուջեի ստորագրումը, որով պատժամիջոցներ են նախատեսված նաև «Թուրքական հոսք» գազատարի համար: Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին խոստացավ պատասխան պատժամիջոցներ կիրառել:
Ամփոփելով կարող ենք ասել, որ հատկապես վերջին տասնամյակում գրանցվող լարվածությունները թուրք-ամերիկյան հարաբերություններում նշանավորել են մի նոր շրջափուլի սկիզբ, որը բնութագրելի է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական կարևորագույն հարցերում խիստ հակադիր շահերի հետապնդմամբ, կենսական հարցերում տարբեր դիրքորոշումներով, դիվանագիտական սկանդալներով և տարաբնույթ սպառնալիքներով: Կարող ենք եզրակացնել նաև, որ այս ընթացքում, թեև կողմերին հաջողվել է անգամ ամենալարված պահերին հետ քայլ կատարել ու մեղմել իրադրությունը, այնուամենայնիվ, բոլոր այս գործընթացները նպաստել են ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականության մեջ Թուրքիայի դերի նվազմանը և ստիպել Թուրքիային փնտրել այլընտրանքային գործակցություններ:
- ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, http://www.genocide-museum.am/arm/news-H_RES150.php
- Ա․ Գրիգորյան; ԱՄՆ-ի արձագանքը «Արաբական գարնանը», ՔՄՀԿ Վերլուծական տեղեկագիր 6, Երևան, 2014 թ., էջ 95-108, https://cccsysu.com/wp-content/uploads/2016/05/5-Ani.pdf
- Անկարան Վաշինգտոնին մեղադրում է «Թուրքիայի դեմ դավադրություն նյութելու» մեջ, https://www.azatutyun.am/a/28882087.html
- Ա․ Հովսեփյան, Թուրքիա – ՆԱՏՕ հարաբերություններն արդի փուլում, «21-րդ ԴԱՐ», թիվ 5, 2013 թ., էջ 90, https://cyberleninka.ru/article/n/otnosheniya-turciya-nato-na-nyneshnem-ehtape/viewer
- Թուրքերը վրեժխնդիր են լինում ամերիկացիներից` չմոռանալով ամոթի պարկը, https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/848918208460754?pnref=story
- Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հերթական դիվանագիտական սկանդալն է հասունանում, https://www.azatutyun.am/a/28775933.html
- Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության բանաձևից հետո կանչվել է ԱԳՆ, https://armenpress.am/arm/news/993465.html
- Թուրքիայում Ս–400-ները կգործարկվեն 2020թ. գարնանից. Դմիտրի Շուգաև, https://razm.info/138745
- Թուրքիան անպատասխան չի թողնի «Թուրքական հոսքի» դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Էրդողան, https://armenpress.am/arm/news/999607.html
- Թուրքիան Լիբիա զորք կուղարկի, https://razm.info/139432
- Հ․Գաբրիելյան; Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողությունը, https://hetq.am/hy/article/109818
- ՀՀ ԱԳՆ, Ճանաչում, https://www.mfa.am/hy/recognition
- Ռ․ Կարապետյան, Արաբական երկրների նոր և նորագույն պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2003 թ., էջ 134-159, 277-288, http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=19840
- Ռ․ Սաֆրաստյան և ուրիշներ, Թուրքիայի Հանրապետության պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2014 թ., էջ 224-225, 230, 345, http://publishing.ysu.am/hy/1425545644
- Ռ․ Սաֆրաստյան և ուրիշներ; Թուրքիայի Հանրապետության պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2018 թ., էջ 304, 317-318
- Ս․ Հարությունյան, Թուրքիա. Հայտ կայսերական քաղաքականության համար, «21-րդ ԴԱՐ», թիվ 2, 2008 թ., էջ 15, https://cyberleninka.ru/article/n/turciya-zayavka-na-imperskuyu-politiku/viewer
- 4 soruda ABD-Türkiye vize krizinin diplomatik boyutu, https://www.bbc.com/turkce/haberler-dunya-41552996
- ABD-Türkiye ilişkileri: 1960’lardan bugüne yaşanan krizler, https://www.bbc.com/turkce/haberler-dunya-41553003
- Ali Ayata, Murat Ercan; Soğuk Savaş Sonrası Ortaya Çıkan Bölgesel Sorunlar Bağlamında Türkiye-ABD İlişkilerinin Kazandığı Yeni Boyutlar, https://dergipark.org.tr/en/download/article-file/301191
- Beyaz Saray, Trump’ın ‘Müslüman Kardeşler’i terör örgütü ilan etmeye hazırlandığını’ açıkladı, https://www.bbc.com/turkce/haberler-dunya-48107340
- Libya’da kim kiminle savaşıyor? Türkiye ve uluslararası güçler hangi tarafı destekliyor? https://tr.euronews.com/2020/01/02/libya-da-neler-oluyor-kim-kiminle-neden-savasiyor
- Madde madde TürkAkım Projesi: Putin isim babası, ABD yaptırım getirdi, https://ahvalnews.com/tr/turkakim-projesi/madde-madde-turkakim-projesi-putin-isim-babasi-abd-yaptirim-getirdi
- Mazlum Kobani kimdir: Trump’ın teşekkür ettiği, Erdoğan’ın ‘Bize teslim edin’ dediği SDG komutanı, https://www.bbc.com/turkce/haberler-dunya-50179867
- Mert Mahir GÖZ; 1962 Küba Füze Krizi, https://www.academia.edu/30172199/1962_K%C3%BCba_F%C3%BCze_Krizi.doc
- Murat Yetkin; Trump, Erdoğan’ı YPG/PKK konusunda geri çevirebilir. İşte nedeni… https://yetkinreport.com/2019/11/11/trump-erdogani-ypg-pkk-konusunda-geri-cevirebilir-iste-nedeni/
- No: 315, 29 Ekim 2019, ‘Ermeni Soykırımı Konusunda ABD’nin Tutumunu Teyit’ (Affirming the United States Record on the Armenian Genocide) Başlıklı Kararın (H-Res-296) ABD Temsilciler Meclisi Tarafından Kabulü Hk. http://www.mfa.gov.tr/no_315_-ermeni-soykirimi-konusunda-abd-nin-tutumunu-teyit-baslikli-karar-hk.tr.mfa
- No: 316, 29 Ekim 2019, ABD Temsilciler Meclisinde Kabul Edilen ve Barış Pınarı Harekatıyla Bağlantılı Olarak Ülkemize Yaptırımlar Uygulanmasını Öngören Yasa Tasarısı (H.R. 4695) Hk. http://www.mfa.gov.tr/no_316_-abd-temsilciler-meclisi-yasa-tasarisi-hk.tr.mfa
- Suriye sınırında hazırlık: Türkiye’nin önceki askeri operasyonlarında neler yapıldı? https://www.bbc.com/turkce/haberler-dunya-49959630
- Trump: Eğer Kürtleri vurursa, Türkiye’yi ekonomik yönden mahvederiz, https://tr.sputniknews.com/abd/201901141037073638-trump-turkiye-kurtler-ekonomi/
- Tunus’ta başlayan Arap Baharı yayıldıkça kışa döndü, https://www.aa.com.tr/tr/dunya/tunusta-baslayan-arap-bahari-yayildikca-kisa-dondu/1030616
- Türkiye – Amerika Birleşik Devletleri Siyasi ve Ekonomik İlişkileri, http://www.mfa.gov.tr/turkiye-amerika-birlesik-devletleri-siyasi-iliskileri.tr.mfa
- First day of Astana summit ends without breakthrough, https://www.aljazeera.com/news/2017/01/astana-syria-peace-talks-breakthrough-170123180946956.html
- Robin Wright; After six decades, Turkey is now a U.S. ally in name only, https://www.newyorker.com/news/our-columnists/after-six-decades-turkey-is-now-a-us-ally-in-name-only
- Senators Lankford, Shaheen, Tillis, Van Hollen Introduce Bill to Prohibit Transfer of F-35 Aircraft to Turkey, https://www.lankford.senate.gov/news/press-releases/senators-lankford-shaheen-tillis-van-hollen-introduce-bill-to-prohibit-transfer-of-f-35-aircraft-to-turkey
- Stephen J. Flanagan and others; Turkey’s Nationalist Course: Implications for the U.S.-Turkish Strategic Partnership and the U.S. Army, RAND Corporation, 2020․ https://www.rand.org/pubs/research_reports/RR2589.html
- Trump threatens to ‘devastate’ Turkish economy over Syrian Kurds, https://www.bbc.com/news/world-middle-east-46859164
Սոնա Խաչատրյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի
*«Երիտասարդ փորձագետ» բաժնում հրապարակված հոդվածներում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Region Monitor»-ի խմբագրության տեսակետների հետ: