Թուրքական մերձիշխանական «Hürriyet»-ում հրապարակվել է սյունակագիր Յալչըն Բայերի՝ «Ինչո՞ւ Զանգեզուրի բրենդը փոխանցվեց Թրամփին» վերնագրով հոդվածը, որում հեղինակը բարձրացնում է կասկածներ և քննադատություն՝ կապված Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի հետ։
Հեղինակի համոզմամբ՝ սա իրականում ոչ թե խաղաղության, այլ Կովկասում նոր ուժային ճարտարապետության և խաղի կանոնների վերահաստատման գործընթաց է, որտեղ գլխավոր դերակատար է դառնում ԱՄՆ-ը։
«Այն դարպասը, որը մենք կարծում էինք, թե բացել էինք Զանգեզուրում հաղթանակով, պարզվեց, որ ամերիկյան հրանոթ է, որը հարվածում է մեր արևելյան սահմանին։ Կամ գուցե սա խաղ է, որը, ըստ 18 հոդվածների, վերածվել է Թուրքիայի համար պարտության»,-գրում է հեղինակը։
Հեղինակը հիշեցնում է, որ պայմանագրի ամենավտանգավոր կետը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. «Հանրությունը սա մեկնաբանեց որպես «անօգուտ բյուրոկրատիայից ազատվելը»։ Սա հսկայական մոլորություն է։ Այո՛, Մինսկի խումբը դիսֆունկցիոնալ էր։ Բայց այդ դիսֆունկցիան ստեղծեց «լարվածության վերահսկվող գոտի» Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա եռանկյունու ներսում։ Դա մի տեսակ ճնշման փական էր։ Այժմ այդ փականը հանվել է։…Նրանք, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը «գոլորշիացել» է Կովկասից, մոռանում են, որ աշխարհաքաղաքականության մեջ ուրվականները միշտ վերադառնում են վրեժխնդրության համար։ Մոսկվան վտարվել է պաշտոնական սեղանից։ Հիմա այն կխոսի ոչ ավանդական միջոցներով։»։
Հոդվածում նշվում է, որ Հայաստանը փաստացի «փրկության հույսով» է ստորագրել այս համաձայնագիրը։
Ընդհանուր եզրակացությունն այն է, որ այս գործընթացը ոչ թե տարածաշրջանում կայունության ամրապնդման, այլ ապագա ճգնաժամերի և բախումների նախանշան է, և «պատմական խաղաղություն» հռչակվող փաստաթուղթը իրականում կարող է դառնալ հաջորդ մեծ «փոթորկի» սկիզբ։






