19-11-2025 / 21:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ են գրում թուրքական վերլուծական շրջանակները Վաշինգտոնի փաստաթղթի մասին

2025/08/12 15:48
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Հայաստան

2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագիրը, որը ներառում է Սյունիքով անցնող տարանցիկ ճանապարհի (TRIPP) ստեղծումը և դրա անվտանգության ու վերահսկողության հանձնումը ԱՄՆ-ին, Թուրքիայում առաջացրել է բազմաշերտ արձագանքներ։ Մամուլի և վերլուծական շրջանակների գնահատականները տատանվում են խիստ քննադատությունից մինչև զգուշավոր աջակցություն։

Մերձիշխանական «Hürriyet»-ի սյունակագիր Յալչըն Բայերը  («Ինչու Զանգեզուրի բրենդը փոխանցվեց Թրամփին») փաստաթուղթը դիտարկում է ոչ թե խաղաղության հաստատման, այլ Կովկասում նոր ուժային ճարտարապետության ձևավորման գործընթաց՝ ԱՄՆ գլխավոր դերակատարությամբ։ Նա վտանգավոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, ինչը հանում է «լարվածության վերահսկման փականը» և կարող է բերել Ռուսաստանի կողմից ոչ ավանդական հակազդեցությունների։ Բայերի եզրակացությունն է՝ «պատմական խաղաղություն» հռչակվող փաստաթուղթը կարող է դառնալ նոր ճգնաժամերի սկիզբ։

«Independent Türkçe»-ի վերլուծաբան Օսման Գազի Քանդեմիրը («Շախմատի փոխվող խաղատախտակ») ուշադրություն է հրավիրում համաձայնագրի 3-րդ կետի վրա՝ ՀՀ Սյունիքով անցնող ճանապարհի անվտանգության հանձնումը ԱՄՆ-ին։ Նա գնահատում է հետևանքները՝ Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համար, առանձնացնելով և՛ տնտեսական ու դիվանագիտական հնարավորությունները, և՛ երկարաժամկետ ռիսկերը։Ըստ հեղինակի՝ թեև Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են ոչ միայն դասական արտաքին քաղաքական գործընկերության վրա, այլև պատմական հիշողության, ընդհանուր մշակույթի և եղբայրության վրա, սակայն այսօր Ադրբեջանի՝ Իսրայելի հետ ռազմավարական մերձեցումը և TRIPP-ի ուղղությամբ շարժվելը այս եղբայրությունը դնում է նոր փորձության առաջ։
Թուրքիան որպես հակաքայլ պետք է ընտրի Ադրբեջանին բարեկամաբար ուղղորդելու ճանապարհը, այլ ոչ թե դուրս մղելու։
TRIPP-ի մերժելու փոխարեն Թուրքիան պետք է փնտրի այն իր լոգիստիկ ցանցերի (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի) հետ ինտեգրելու և անուղղակի օգուտ ստանալու ուղիներ։

«Yeniçağ»-ի սյունակագիր Արսլան Բուլութը («Կարգավորման գործընթացը և Թրամփի ճանապարհը») հիշեցնում է Էլչիբեյի դիտարկումը Ղարաբաղի և Սյունիքի մասին որպես «թյուրքական աշխարհի կոկորդ»։ Նա քննադատում է, որ միջանցքը 100 տարով հանձնվել է ԱՄՆ-ին, որը վերահսկելու է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային՝ միաժամանակ սահմանափակելով Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։
«Թրամփի ճանապարհով» ԱՄՆ-ն կվերահսկի Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, միաժամանակ խոչընդոտելով Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը։ ԱՄՆ-ն նպատակ ունի տարածաշրջանում ձևավորել «Մերձավոր Արևելքի կոնֆեդերացիա», որը չի լինի թուրքական վերահսկողության ներքո, և ընթացող կարգավորման գործընթացն ու դրան մասնակցող ուժերը իրականում ծառայում են հենց այս նպատակին»,-գրում է հեղինակը։

Մերձիշխանական «Türkiye»–ն («Ադրբեջան-Հայաստան․ Կովկասում կայունության ժամանակը») համաձայնագիրը ներկայացնում է որպես խաղաղություն և կայունություն բերող քայլ, որը կխթանի տնտեսական զարգացումը։ Միջազգային հարաբերությունների մասնագետ Թողրուլ Իսմայիլին ընդգծում է, որ «Զանգեզուրի միջանցքը» դարձել է համաշխարհային նշանակության տարանցիկ ուղի, և ԱՄՆ ներկայությունը Հարավային Կովկասում ունի ռազմավարական տրամաբանություն։

«T24»-ում հրապարակած հոդվածում նախկին դիվանագետ Նամըք Թանը («Ադրբեջան-Հայաստան» խաղաղության հարցում Անկարան ուշացավ») քննադատում է Էրդողանի կառավարությանը՝ խաղաղության գործընթացում երկրորդ պլանում մնալու համար։ Նա նշում է, որ համաձայնագրի ստորագրումը Վաշինգտոնում, ոչ թե Անկարայում, պատմության մեջ կմնա որպես Թուրքիայի համար խոշոր դիվանագիտական հնարավորության կորուստ։
Հոդվածում հեղինակը նշում է, որ Թրամփը, Վաշինգտոնում ստորագրված համաձայնությամբ փաստացի ավարտել է Մինսկի խմբի դերակատարումը և ԵՄ-ին, հատկապես Ֆրանսիային, դիվանագիտական առումով «զրոյացրել» այս գործընթացում։Հեղինակը շեշտում է, որ չնայած նրան, որ  2020-ի 44-օրյա պատերազմում Թուրքիան տրամադրել է Ադրբեջանին աջակցություն, ինչը հնարավորություն է տվել վերջինիս վերականգնել ինքնիշխանությունը Ղարաբաղում, բացի  այդ իր հարաբերությունները Հայաստանի հետ ևս կապել է ղարաբաղյան հարցի լուծման հետ, սակայն Էրդողանի կառավարությունը խաղաղաության գործընթացում դիվանագիտական բացթողումներ է թույլ տվել։
Մասնավորապես, Էրդողանը,

  • Չկարողացավ ժամանակին և արդյունավետ օգտագործել դիվանագիտությունը խաղաղության ապահովման հարցում։
  • Արտաքին քաղաքականությունը հաճախ ծառայեցրեց ներքին PR նպատակներին։
  • Կորցրեց հավասարակշռությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում և դարձավ Բաքվի քաղաքականությունից կախված։

Թանը նշում է, որ Թրամփի վարչակազմը կարողացավ օգտվել ստեղծված իրավիճակից և իր վերահսկողության ներքո բերել Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացը, որը վերջապես Վաշինգտոնում համաձայնագրով ավարտվեց: Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում կնքված պայմանավորվածությունը Թուրքիային թողեց երկրորդ պլանում։

«Milat»-ի սյունակագիր Յուսուֆ Գիրայալփ Աթանը («Կովկասի կողպեքը․ Զանգեզուր») ներկայացնում է համաձայնագրի տնտեսական և աշխարհաքաղաքական առավելությունները Թուրքիայի համար՝ ընդգծելով Միջին միջանցքում երկրի դիրքի ամրապնդումը, էներգետիկ նախագծերի ընդլայնումը և թյուրքական հանրապետությունների հետ ինտեգրումը։ Նա ԱՄՆ ներկայությունը դիտարկում է որպես Իրանի և Ռուսաստանի նկրտումները զսպող գործոն։

Ընդդիմադիր «Cumhuriyet»-ի սյունակագիր Մեհմեթ Ալի Գյուլերը («Թրամփի միջանցք») «Թրամփի միջանցքը» համարում է Հարավային Կովկասի համար սեպ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի համար՝ ձեռնաշղթա։ Նա դա դիտարկում է որպես սաբոտաժ «3+3» հարթակի և Աստանայի ձևաչափի նկատմամբ, քայլ, որը թուլացնում է Ռուսաստան–Իրան–Չինաստան համագործակցությունը և ծառայում է Թուրքիա–Ադրբեջան–Իսրայել դաշինքի ամրապնդմանը։ Գյուլերի գնահատմամբ՝ սա «իմպերիալիստական խաղաղության կամուրջ» է, որը կառուցվում է մեծ պատերազմի պատրաստության համար։

Իշխանամետ «Haber 7»-ի սյունակագիր Մեհմեթ Ալի Բալը («Ադրբեջան–Հայաստան պայմանագիր․ պատերազմը ավարտվե՞ց») փաստում է, որ սա առաջին դեպքն է, երբ Կովկասում խաղաղության համաձայնագիրը կնքվում է առանց Ռուսաստանի մասնակցության։ Նա համեմատում է զարգացումները 1994թ․ «Դարի պայմանագրի» հետ և նշում, որ իրականում խաղաղության պայմանագիրը կարող է նոր աշխարհաքաղաքական հակամարտությունների սկիզբ դառնալ։

Քրդական «ANF» գործակալության սյունակագիր Թորոս Քորքմազը («Զանգեզուրի միջանցք․ Կովկասում հավասարակշռությունը կարող է փոխվել») գրում է, որ ԱՄՆ-ի մուտքը տարածաշրջան կթուլացնի Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը, կսրի մրցակցությունը համաշխարհային տերությունների միջև և կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի համար սա և՛ ռազմավարական ձեռքբերում է, և՛ երկարաժամկետ ռիսկ։

Ամփոփելով՝ Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագիրը Թուրքիայի վերլուծական դաշտում առաջացրել է կտրուկ բևեռացված գնահատականներ։ Մերձիշխանական փորձագետների կողմից հիմնականում այն դիտարկվում է որպես խաղաղության և տարածաշրջանային ինտեգրման հնարավորություն, որն ուժեղացնում է Թուրքիայի դերը Միջին միջանցքում և թյուրքական աշխարհում։ Մյուս կողմից, ընդդիմադիր ու քննադատական վերլուծությունները փաստաթուղթը ներկայացնում են որպես ԱՄՆ-ի ռազմավարական քայլ՝ Հարավային Կովկասում ամրապնդվելու և Ռուսաստան-Իրան-Չինաստան առանցքը թուլացնելու համար։

Թուրք վերլուծական շրջանակներում հիմնական տարաձայնությունները պայմանավորված են այն հարցով, թե արդյո՞ք այս համաձայնագիրը երկարաժամկետ հեռանկարում կբերի կայունություն, թե՞ կդառնա նոր աշխարհաքաղաքական հակամարտությունների սկիզբ։ Մի մասը տեսնում է տնտեսական և դիվանագիտական շահեր, մյուսը՝ արտաքին կախվածության խորացում և տարածաշրջանային հավասարակշռության խախտում։

Ընդհանուր պատկերն այն է, որ այս համաձայնագիրը Թուրքիայի ներսում ընկալվում է ոչ միայն որպես խաղաղության գործընթացի մաս, այլ նաև որպես «մեծ խաղի» նոր փուլ, որտեղ բախվում են արտաքին մեծ տերությունների շահերն ու ազդեցության մեխանիզմները։

Նախորդ Լուրը

«Պարոն Էրդողան. Անհապաղ բացեք Թուրքիա-Հայաստան սահմանը». Գարո Փայլան

Հաջորդ Lուրը

Ազդարարվել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը. ներկա են եղել ԶՈՒ ԳՇ պետը և ԱՄՆ դեսպանը

Այլ Լուրեր

Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Ազդարարվել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը. ներկա են եղել ԶՈՒ ԳՇ պետը և ԱՄՆ դեսպանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)