Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ «Դեմոկրատական կուսակցության» խոսնակ, Իզմիրից ընտրված պատգամավոր Հայդար Ալթընթաշը հայտարարել է, որ տարածաշրջանում հակամարտությունների ավարտից հետո «նոր ժամանակաշրջանի դռներն են բացվել», և այսօր այլևս «Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման համար որևէ քաղաքական կամ աշխարհագրական խոչընդոտ չկա»։ Նա կոչ է արել կառավարությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։
«Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ լուծվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ այդպիսով վերացնելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերջին խոչընդոտները։ Երկու երկրների միջև կարգավորման համար այլևս քաղաքական կամ աշխարհագրական որևէ խոչընդոտ չկա։ Սահմանների բացումը կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը, այլև ամբողջ Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը…Ներկայումս Թուրքիայից Ադրբեջան գնացող էներգետիկ և առևտրային ուղիները անցնում են Վրաստանով՝ երկար և ծախսատար երթուղով։ Սահմանների բացումից հետո այս ուղիները կանցնեն իրենց բնական ճանապարհով, կրճատվելու են ծախսերը, իսկ Հայաստանի ներքին հաղորդակցական ցանցերը հասանելի կլինեն նաև Թուրքիայի համար։ Սա լոգիստիկ առումով ռազմավարական առավելություն է։ Կարսում, Իգդիրում, Էրզրումում առևտուրը կզարգանա, իսկ տեղի բնակչությունը «կշնչի» տնտեսական առումով։ Հայաստանի հետ կառուցողական երկխոսությունը կնվազեցնի պատմական լարվածությունները, կսահմանի տարածաշրջանային համագործակցության նոր հիմքեր և կակտիվացնի «3+3» հարթակը։ Թուրքիա-Հայաստան սահմանների բացումը հետաձգել չի կարելի։ Այս քայլը կծառայի ոչ միայն երկու ժողովուրդներին, այլև ողջ Հարավային Կովկասի խաղաղությանը, բարօրությանը և կայունությանը։ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ․ ժամանակն է բացել արդար պատճառներով մեր փակած սահմանները և նպաստել տարածաշրջանային խաղաղությանը ու բարեկամությանը»,-ասել է Ալթընթաշը:





