Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետականության ճանաչումից առաջ Փարիզի իշխանությունները Պաղեստինի և Իսրայելի դրոշներ են տեղադրել Էյֆելյան աշտարակի վրա։ Երկու երկրների դրոշների միջև պատկերված է սպիտակ աղավնի։
«Փարիզը աջակցում է Ֆրանսիայի նախագահի՝ Պաղեստին պետությունը ճանաչելու նախաձեռնությանը։ Փարիզը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղությանը, որը, ավելի քան երբևէ, հնարավոր է միայն «երկու պետություն լուծման» միջոցով»,-Bluesky սոցիալական ցանցի էջում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր՝ գրառմանը կից հրապարակելով դրոշներով զարդարված Էյֆելյան աշտարակի լուսանկարը։
Մակրոնը նախկինում հայտարարել էր, որ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ում համաժողով կանցկացնի Պաղեստինը ճանաչելու հարցով՝ անկախ Գազայում ընթացող մարտերից և Իսրայելի իշխանությունների կողմից ձեռնարկված այլ քայլերից։ Հուլիսի 24-ին նա հայտարարել էր, որ Ֆրանսիան մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ճանաչել Պաղեստին պետությունը։








