Հոկտեմբերի 22-23-ը Թբիլիսիում կանցկացվի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը: Կազմակերպիչների հաղորդմամբ՝ կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը։ Համաժողովին բացման խոսքով հանդես կգա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ակնկալվում է շուրջ երկու հազար պատվիրակների՝ բարձրաստիճան քաղաքական գործիչների, գործարար հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, համաշխարհային առաջատար ընկերությունների ղեկավարների, միջազգային ֆինանսական ինստիտուտների և համաշխարհային մակարդակի փորձագետների մասնակցություն:
Թվով հինգերորդ համաժողովի գլխավոր թեման կայունության պայմաններում ներդրումներ կատարելն է, կքննարկվեն գլոբալ առևտրի, տրանսպորտի և լոգիստիկայի, միջին միջանցքի զարգացման, էներգետիկայի, թվային տրանսֆորմացիայի և այլ թեմաներ:
Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2015-ին և անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը համաժողովին մասնակցել են նաև 2023-ին, այն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նրանց հետ եռակողմ հանդիպում է ունեցել: