Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի Վրաստան կատարելիք այցին՝ շեշտելով, որ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը կարևոր է Վրաստանի համար։
«Հանդիպումը նախատեսված է վաղը։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը գալիս է ԵԱՀԿ-ի հովանու ներքո, և դուք գիտեք, որ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր և արժեքավոր է, ինչը մենք պահպանել ենք այս բոլոր տարիներին։ Մեզ համար շատ կարևոր էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական կարծիք հայտնեց ընտրությունների վերաբերյալ, ինչը հանգեցրեց նրան, որ ԵԱՀԿ-ն հարձակման ենթարկվեց ոչ միայն երկրի ներսում արմատական ընդդիմության, այլև նրանց արտասահմանյան հովանավորների կողմից։ Մենք ևս մեկ անգամ կկրկնենք մեր ուղերձը ԵԱՀԿ-ի հետ համագործակցության մասին։ Մեր նպատակն է շարունակել և ավելի խորացնել այս համագործակցությունը, և մենք լիովին բաց կլինենք այս հարցում»,- հայտարարել է Կոբախիձեն։








