Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, թուրքական հեռուստահաղորդումներից մեկի եթերում անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։
Ուրալօղլուն նշել է, որ Թուրքիան «Միջին միջանցքը» ձևավորել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ու հավելել է, որ թեև այն դեռ չի հասել ցանկալի թողունակությանը, այնուհանդերձ աշխատանքները շարունակվում են ու Թուրքիան օրեցօր մոտենում է այդ նպատակին։
Նախարարը մասնավորապես նշել է.
«Այստեղ այլընտրանքային միջանցք ունենալու նպատակ կա։ Զանգեզուրի միջանցքը մի ուղի է, որը ավելի ուղիղ կապ է ապահովում թյուրքական աշխարհի և Ադրբեջանի միջև։ Կարսից մինչև Իգդիր, Դիլուջու ձգվող՝ մեր երկրի սահմաններում գտնվող 224 կիլոմետրանոց հատվածում վերջին ամիսներին աշխատանքներ ենք սկսել։ Նախիջևանում ևս անելիքներ կան։ Ադրբեջանում նախատեսված աշխատանքների մեծ մասը կատարվել է, մի մասն էլ շարունակվում է։ Կա նաև Զանգեզուրի միջանցքը՝ 43 կիլոմետրանոց միջանցք, որն անցնում է Հայաստանի տարածքով: ԱՄՆ նախաձեռնությամբ այնտեղ համաձայնություն է ձեռք բերվել, և կարծում ենք՝ շուտով այդ աշխատանքներն էլ կսկսվեն։ Այսպիսով, եթե Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը միակողմանի էր, ապա սա երկկողմանի կլինի։Հետևաբար Զանգեզուրի միջոցով թողունակության խնդիրը ևս կվերացնենք»։





