Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
«Այո՛, ես խոսել եմ Հաջիևի հետ։ Ես ունեմ նրա համարը, նա՝ իմը։ Մենք երկու օրը մեկ խոսում ենք»,- նշել է Սիմոյանը։
Հիշեցնենք, որ օրերս Հաջիևը օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Գանձասարն ու Դադիվանք հայկական վանքերը ներկայացրել էր որպես «հին Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության անբաժանելի մաս։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Բաքվից հնչող բոլոր հայտարարություններին պետք է արձագանքել ու դրա հետ մեկտեղ հավելել է, որ նման հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս, այլ միայն վնասում են խաղաղության գործընթացին։
Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է հրապարակային արձագանքել Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններին՝ Սիմոնյանը նշել է, որ միշտ չէ, որ բոլոր հայտարարությունները պետք է հրապարակային պատասխան ստանան։
«Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան։ Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքեմ, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին դրանով վնաս տամ»,- նշել է Սիմոնյանը։








