Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) հովանու ներքո, մեկնարկում է Սիրիային և նրա պետական ինստիտուտներին աջակցելու ծրագիր։
«Մեր գլխավոր առաջնահերթությունը մեր հարևան Սիրիայի վերակառուցումն է և նրա արագ վերադարձը նախկին վիճակին։ Այդ նպատակով մենք այսօր մեկնարկում ենք Սիրիայի համար հատուկ աջակցության ծրագիր՝ ԻՀԿ տնտեսական և առևտրային համագործակցության մշտական կոմիտեի հովանու ներքո։ Այս ծրագիրը կօգնի ամրապնդել մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները և հնարավորություն կտա մեզ աջակցել Սիրիային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, փորձագետների ռոտացիան, կարիքների գնահատումը և տեխնոտնտեսական ուսումնասիրությունների իրագործումը: Ես վստահ եմ, որ ԻՀԿ անդամ երկրները անգնահատելի ներդրում կունենան ծրագրի իրականացման գործում»,-Ստամբուլում՝ ԻՀԿ կոմիտեի նիստում, ասել է Էրդողանը:
Թուրքայի առաջնորդը նշել է, որ «պատժամիջոցները լուրջ խոչընդոտ են Սիրիայի տնտեսական զարգացման համար, սակայն դրանք աստիճանաբար վերացվում են արաբական և մուսուլմանական երկրների համատեղ ջանքերի շնորհիվ»։
«Այս փուլում մենք խրախուսում ենք մասնավոր հատվածին ներդրումներ կատարել սիրիական տարածաշրջանում։ Տարածաշրջանային տնտեսությունների հետ ինտեգրումը շոշափելի օգուտներ կբերի ինչպես Սիրիային, այնպես էլ մեր ամբողջ տարածաշրջանին։ Կարևոր է նաև կենտրոնանալ տրանսպորտային նախագծերի իրականացման վրա՝ որպես ինտեգրման հիմնական բաղադրիչ»,-ասել է Էրդողանը։







