Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են, ես ինքս ամեն շաբաթ լինում եմ այնտեղ, որպեսզի տեսնեմ՝ ինչպես են աշխատանքները ընթանում, ամբողջ ընթացքը վերահսկվում է մասնագիտական համապատասխան կազմի կողմից, որը, թե տեխնիկական հսկողություն իրականացնող, թե հեղինակային հսկողություն իրականացնող անձինք են, և թե նաև գիտամեթոդական խորհուրդն է, որտեղ ներառված են ոլորտի մասնագետները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2026–ի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Գիտեմ, որ շատ են մանիպուլյացիաները, և դրանք հենց այդ բառով էլ կոչում եմ՝ մանիպուլյացիա, որովհետև իրականում այն, ինչ արվում է հիմա Ծիծեռնակաբերդում մույթերի վերականգնման հետ կապված, նորություն չի տեխնոլոգիական իմաստով նաև։
2015 թվականին այդ նույն տեխնոլոգիայով իրականացվել է հուշասյան վերանորոգումը։ Բնականաբար այս նույն տեխնոլոգիական լուծումները շատ երկար ու մանրամասն քննարկվել են գիտամեթոդական խորհրդում։
Այնտեղ, որտեղ ես մասնագետ չեմ, ես լսում եմ մասնագետներին։ Եթե մի խումբ մասնագետներ բազմաթիվ քննարկումներով, ընդ որում, հուշահամալիրի հեղինակը, առաջարկել են լուծումներ, ընդ որում այդ լուծումները առաջարկել են ոչ թե միանգամից, այլ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, այդ թվում ուլտրաձայնային, ամենատարբեր նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք ցույց են տվել սալերի վնասվածության աստիճանը, դրանց փոխարինման հնարավորությունը և բազմաթիվ այլ բաներ։
Այսինքն կարող է մարդիկ տարիներով, ամիսներով աշխատեն ինչ-որ նախագծի վրա, մենք հինգ րոպեով գնանք, անցնենք կողքից և կարողանանք եզրակացություն տալ՝ այդտեղ ինչ է արվում։ Դա ուղղակի լուրջ չի, և մենք պետք է դադարենք այդպես վերաբերվել մեր իրականության կարևորագույն խնդիրներին։ Իսկ Ծիծեռնակաբերդը մեզ համար կարևորագույն հուշահամալիր է, ու այնտեղ նույնիսկ մինչև մեկ միլիմետր որևէ բան անելը, անցնում է համապատասխան ընթացակարգ»,–ասաց նա։
Նախարարի խոսքով, հիմա ունեն պայմանավորվածություն, որ հուշահամալիրի երեք մույթերում աշխատանքը կամփոփվի, դրանից հետո ևս մեկ անգամ գիտամեթոդական խորհրդում կքննարկեն, թե ինչպես շարունակել աշխատանքը հաջորդ մույթերի հետ կապված. «Ցանկացած մեր քաղաքացու, ով հետաքրքրվում է, մտահոգ է, ուզում է ներկա լինել տեղում, ես հրավիրում եմ, կարող են նույնիսկ ինձ հետ գալ այցի և ներկա լինել բոլոր այն մասնագիտական քննարկումներին, որոնք մենք տեղում ունենում ենք ամեն անգամ։
Խնդրում եմ այդ ապատեղեկատվությունը դադարեցնել, հուշահամալիրը բաց է, թանգարանը բաց է, բոլոր աշխատանքները կազմակերպվում են այնպես, որպեսզի դրանք երբևէ չխանգարեն որևէ այցելուի մուտքի։ Մինչև ապրիլ այս պահին սկսված աշխատանքները ավարտվելու են։ Սա էլ եմ հատուկ ասում, որովհետև գիտեմ, որ սա էլ է մանիպուլացվում»,– ընդգծեց Ժաննա Անդրեասյանը։








