Նոյեմբերի 18-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որի ընթացքում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների, Խաղաղության պայմանագրի, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» (TRIPP) մասին։
Թուրքիայի ԱԳՆ-ղեկավարի ելույթի հիմնական հատվածը․
«…Այժմ մենք ունենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քաղաքականություն, որի մասին բազմիցս հայտարարվել է։ Մենք սա բազմիցս ասել ենք. երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիրը, մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. մենք դա նախապես հայտարարել ենք։ Մենք դա անում ենք, հետևյալ պատճառով. ընդհանուր առմամբ նա գուցե այդքան հեշտությամբ չկարողանար խաղաղության համաձայնագրի հասնել Ադրբեջանի հետ, բայց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և տնտեսության վերականգնումը կարևոր են Հայաստանի համար։ Ի՞նչն է նաև կարևոր մեզ համար։ Սահմանային առևտուրը և տարածաշրջանային տնտեսությունը կարևոր են, և մենք չենք ուզում սառեցված հակամարտություն Կովկասում, հատկապես՝ Հարավային Կովկասում։ Եթե մենք հիմա կարգավորենք հարաբերությունները, մենք կխլենք Հայաստանից Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետևաբար, մենք ունենք տարածաշրջանում սառեցված պատերազմի բախվելու հնարավորություն, և մենք դա չենք ուզում»,-նշել է նա։
Ըստ Ֆիդանի՝ պայմանագրի ստորագրելու համար երկու խնդիր կա, որոնք չեն ներառվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնագրում։
Անդրադառնալով TRIPP-ին, Ֆիդանը օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
«Մեկը Զանգեզուրի միջանցքն է, իսկ երկրորդը՝ սահմանադրության հետ կապված որոշ հարցեր. ադրբեջանական կողմը ցույց է տվել իր կամքը ստորագրելու, երբ դրանք կատարվեն։ Մենք ասել ենք, որ կբացենք մեր սահմանները ստորագրությունները դրվելուն պես։ Արդյո՞ք կան նախնական աշխատանքներ։ Մենք արդեն սկսել ենք աշխատել նման հնարավորության վրա. մենք տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական աշխատանքներ ենք անցկացնում մեր նախարարությունների հետ, թույլ տվեք ընդգծել դա։ Զանգեզուրի միջանցքի հարցում՝ երբ մեզ քննադատում են կամ թեման առաջ են բերում, ես մի հոգեբանություն եմ նկատում․ կարծես այս հարցը ներկայացվում է այնպես, որ այն մեր ինքնիշխանության տակ գտնվող թեմա է։ Բայց հողը գտնվում է Հայաստանում, պահանջողը Ադրբեջանն է, իսկ միացվելիք տարածքը՝ Նախիջևանը և Ադրբեջանը։ Մենք այստեղ պարզապես կողմերին օգնողն ենք և նաև եվրոպական տարանցիկ ուղու ամենամեծ ցամաքային օղակն ենք հանդիսանում։ Մեզ նույնպես անհրաժեշտ է այս երթուղին: Մենք մեր ամբողջ առևտուրը երկար ժամանակ է՝ իրականացնում ենք Վրաստանի և Իրանի միջոցով, որովհետև Հայաստանի տարածքով ճանապարհը չենք կարող օգտագործել։ Օգտագործում ենք նաև ծովային ուղիները՝ դեպի Ռուսաստանի նավահանգիստներ, մինչև պատերազմը՝ ավելի ինտենսիվ»։
Իսկ ի՞նչը հիմա վերջնականորեն պարզ չէ. մանրամասները․ ինչ ձևաչափով պետք է գործի, ով է կառավարելու, ովքեր են գործընկերները։ Թեև այն ընդունվել է, բայց այս հարցերի շուրջ հստակություն չկա։ «Թրամփի միջանցք» է անվանվել, և ինչպես գիտեք, դա տեղի ունեցավ հենց Ալիևի և Փաշինյանի նախաձեռնությամբ, որպեսզի Թրամփը թեման սեփականացնի»։






