Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով խորհրդարանում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է եվրաինտեգրման գործընթացի դադարեցմանը՝ նշելով, որ ոչ թե վրացական կողմն է այն դադարեցրել, այլ՝ Եվրոպան։
«Եվրոպական ինտեգրման հարցի վերաբերյալ ուզում եմ հիշեցնել, որ մենք չենք դադարեցրել որևէ եվրաինտեգրման գործընթաց։ Եվրամիությունը նույնիսկ փաստաթղթավորել է, որ հենց նրանք են կասեցրել երկխոսությունը Վրաստանի հետ 2024թ․ հունիսի 27-ին, որի համար նրանք որևէ հիմք չունեին։ Այսինքն՝ այն, ինչ նրանք բազմիցս հրապարակավ հայտարարել են, հիմնականում՝ ԵՄ դեսպանի միջոցով, նրանք արդեն գրավոր հաստատել են, փաստաթղթավորել են, որ 2024թ․ հունիսի 27-ին եվրոպական բյուրոկրատիան ինքն է որոշել կասեցնել երկխոսությունը Վրաստանի հետ, ինչը վրաց ժողովրդի նկատմամբ չափազանց անարդար որոշում էր։ Դրանից հետո նրանք անամոթաբար հայտարարեցին, որ մենք կասեցրել ենք այն գործընթացը, որը նրանք կասեցրել էին դեռևս հունիսին։ Այս մասշտաբի դեմագոգիան անհարիր է եվրոպական ժողովրդավարությանը որպես ամբողջություն, չնայած մենք տեսնում ենք, որ եվրոպական բյուրոկրատիայում խախտվել են բարոյական սկզբունքները, ինչը շատ տխուր է։ Մենք շատ հույս ունենք, որ ապագայում այս մոտեցումները կփոխվեն, ինչպես նաև եվրոպական բյուրոկրատիայի մոտեցումը վրաց ժողովրդի նկատմամբ որպես ամբողջություն»,-հայտարարել է Կոբախիձեն։
Վրաստանի արտաքին քաղաքականության կուրսի և կողմնորոշման վերաբերյալ վարչապետն ասել է, որ դրանք հստակ են և ամրագրված են երկրի Սահմանադրությամբ։
«Ցանկանում եմ հիշեցնել, որ Սահմանադրության մեջ համապատասխան գրառումն ավելացվել է հենց մեր իշխանությունների ջանքերի շնորհիվ։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ ընդդիմությունն այն ժամանակ չէր աջակցում այս ջանքերին։ Ամեն ինչ պարզ է. ամեն ինչ ամրագրված է Վրաստանի Սահմանադրության մեջ՝ մեր կողմնորոշումը, մեր արտաքին քաղաքականության ձգտումները։ Եթե եվրոպական բյուրոկրատիայի մոտեցումները փոխվեն, եթե գլոբալ քաղաքական համատեքստը փոխվի, ապա մենք կկարողանանք հասնել մեր բոլոր նպատակներին։ Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ գլոբալ համատեքստը միտված չէ այս միջազգային նպատակներին հասնելուն։ Դուք տեսնում եք, թե ինչպես են զարգանում ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերությունները, ինչը կազդի նաև այլ երկրների վրա։ Դուք տեսնում եք եվրոպական բյուրոկրատիայի մոտեցումները հատկապես մեր երկրի նկատմամբ։ Հուսանք, որ այս դիրքորոշումը կփոխվի», – հայտարարել է Կոբախիձեն։








