Հայաստանի Հանրապետության համար կանանց ներգրավումը զինված ուժերում ռազմավարական անհրաժեշտություն է։ Այս մասին «Արդյունավետ պաշտպանություն, անվտանգություն և կանանց մասնակցության խթանումը ՀՀ զինված ուժերում» թեմայով քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց ու տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը ԶՈւ-ում ավելի արդյունավետ են դարձնում այդ կառույցները, իսկ բարդ խնդիրներն ավելի մեծ հաջողությամբ են լուծվում։ ՀՀ-ում կանանց ներգրավումն անվտանգության համակարգում` մասնավորապես զինված ուժերում, չի համարվում միայն խորհրդանշական քայլ, այն ռազմավարական անհրաժեշտություն է»,- նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ չնայած զգալի առաջընթացին, կանայք դեռևս փոքրամասնություն են պաշտպանության և անվտանգության ոլորտում` հատկապես ղեկավար պաշտոններում։ Շեշտեց՝ այս ոլորտներում կանանց ընդգրկումն ավելի շատ ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում։
Դրանցից է, օրինակ, կանանց կամավոր 6-ամսյա ժամկետային զինծառայության զորակոչվելը։
«Կանանց հնարավորություն է տրվում անցնել զինվորական պատրաստություն և ծառայությունը հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալ մոտ 2800 եվրոյի չափ գումար։ ՀՀ-ում կանանց ծառայության օրինակներից մեկը կանանց գումարտակի ձևավորումն է, ինչի համար հատուկ պայմաններ են ստեղծվել»,- նշել է Գրիգորյանը։
Իր ելույթում նա նշեց, որ ժամանակակից անվտանգային կառույցներին անհրաժեշտ են բազմազան կարողություններ՝ մշակութային զգայունություն, լեզվական կարողություն, կիբեռանվտանգության ոլորտի հմտություններ, ՏՏ տիրապետում, հոգեբանական և սոցիալական ընկալում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման համայնքների հետ համագործակցության ունակություն։








