Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիին մեղադրում է արտաքին ազդեցության գործակալ լինելու և երկրի դավաճանության համար։
Վրացական մեդիան հաղորդում է, որ Թինա Խիդաշելիի ղեկավարած Civic IDEA ՀԿ-ն «Ինչպես են իրանական ընկերությունն օգտագործում Վրաստանը՝ պատժամիջոցներից խուսափելու համար» վերնագրով ուսումնասիրություն է արել և ուղարկել գործընկեր կազմակերպություններին։ Նշվում է, որ փաստաթուղթն ուղարկվել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտ։
Պաշտպանության նախկին նախարարը և նրա կազմակերպությունը պնդում են, որ Վրաստանի կառավարությունը օգնում է իրանական ընկերություններին խուսափել պատժամիջոցներից: Ուսումնասիրությունը որպես դրա ապացույց նշում է Վրաստանի կառավարության անդամների այցելությունները Իրան և արտաքին առևտուրը:
«Մենք որևէ զեկույց չենք ուղարկել Պետդեպարտամենտ և նման զեկույցներ չենք ուղարկում որևէ մեկին։ Մենք ունենք այսպես կոչված բաշխման ցուցակ, որը ներառում է 1500 մարդ ամբողջ աշխարհից, և մենք դրանք ուղարկում ենք նրանց, այդ թվում՝, իհարկե, նախկին դոնորներին։ Կազմակերպությունն այս պահին դոնորներ չունի»,- ասել է Խիդաշելին։
Նա հայտարարել է նաև, որ իրանական կայքերը Վրաստանն ուղղակիորեն և բացահայտ գովազդում են որպես մի երկիր, որտեղ նրանք բիզնես գրանցելու դեպքում կարող են խուսափել բոլոր տեսակի պատժամիջոցներից։ Իսկ որպես քաղաքական բաղադրիչ, իհարկե, նշվել են նաև այցելությունները Իրան։
Այցելությունների վերաբերյալ Կոբախիձեն հայտարարել է․
«Ինչ վերաբերում է այցի վերաբերյալ ենթադրություններին, ապա այդ այցին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, սակայն այնտեղի Թինա Խիդաշելինները չեն սկսել շահարկել այս թեման, ինչպես նաև միջազգային Թինա Խիդաշելինները չեն սկսել շահարկել այս թեման։ Սա ամոթալի դավաճանություն է, որը օտարերկրյա ազդեցության գործակալները կատարել են տարիներ շարունակ»,-ասել է Վրաստանի վարչապետը։








