ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավոր Էսմաել Սիավաշի գլխավորած պատվիրակությանը, փոխանցում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
«Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»,- հայտարարել է Նարեկ Բաբայանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը:
Բաբայանը նաև շեշտել է խորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ բարեկամական խմբերն օրենսդիր մարմինների միջև փոխըմբռնման ու փոխվստահության համար կարևորագույն դերակատարում ունեն:
Էսմաել Սիավաշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ: Նա համոզմունք է հայտնել, որ ակտիվ փոխայցելություններն իրենց ուրույն դերակատարումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում պարսկերեն լեզվի տարածմանն ու դասավանդմանն ուղղված բարենպաստ պայմաններ ապահովելու համար:
Նարեկ Բաբայանը բարձր է գնահատել Իրանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հարգանքը: Էսմաել Սիավաշն էլ կարևորել է Իրանում հայ համայնքի դերակատարությունը:







