02-04-2026 / 02:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբիան «արաբական գարնանից» հետո. հակամարտության դինամիկան, իշխանության փոխակերպումը և ուժերի հավասարակշռությունը 2011–2026 թթ․

2026/02/06 11:47
Երիտասարդ փորձագետ, Միջազգային, Քաղաքականություն

2011 թ․ փետրվարին Լիբիայում սկսվեց անհնազանդությունների ալիք, որը կրում էր սոցիալ-քաղաքական ապստամբության բնույթ և հանդիսանում ավելի լայն՝ «արաբական գարնան» մի մաս։ Մուամմար ալ-Կադդաֆիի ռեժիմի դեմ բողոքի ցույցերը արագորեն վերաճեցին ներքին զինված հակամարտության, որոնք ուղեկցվեցին  պետական ​​կառույցների քայքայմամբ և տարբեր զինված խմբավորումների և ուժային կառույցների միջև փոխադարձ անհանդուրժողական դիրքորոշմամբ, ինչն էլ, ալ-Կադդաֆիի ռեժիմի տապալումից հետո, հանգեցրեց մինչ օրս շարունակվող հակամարտությանը։

Ալ-Կադդաֆիի ռեժիմի անկման արագացմանը նպաստեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորված միջազգային ռազմական միջամտությունը, որի նպատակը Լիբիայի քաղաքացիական բնակչության պաշտպանությունն էր և ալ-Կադդաֆիին հավատարիմ ուժերին թուլացնելը։ Իրականում, արտաքին ռազմական միջամտությունը գրանցեց մի շարք մարտավարական հաջողություններ և միևնույն ժամանակ ձախողվեց հետագա պետականաշինության ռազմավարության մշակման մեջ, ինչն էլ փակուղու առջև դրեց պետական ինստիտուտների հետագա գործունեությունն ու պայմաններ ստեղծեց զինված խմբավորումների անկանոն գործունեության և հակամարտությանն ավելի մեծ թվով արտաքին դերակատարների ներգրավվածությանը[1]:

Ալ-Կադդաֆիի ավանդաբար կենտրոնացված կառավարման և ռեսուրսների բաշխման համակարգը փլուզվեց, և իշխանությունն անցումային իշխանություններին փոխանցելու փորձերը ուղեկցվեցին տեղական զինված խմբավորումների կողմից տարբեր միջամտություններով [2]։ Տնտեսական ռեսուրսների՝ առաջին հերթին նավթարդյունաբերության նկատմամբ վերահսկողությունը դարձավ հակամարտության կենտրոնական տարրերից՝ նավթը դարձնելով իշխանության համար պայքարի մի մաս։

Անցումային իշխանությունների անբավարար լեգիտիմությունը հանգեցրեց նաև քաղաքական իշխանության մասնատմանը և երկրում զուգահեռ կառավարող կառույցների ձևավորմանը: 2014 թվականին իշխանության երկու հիմնական կենտրոններն էին ՄԱԿ-ի կողմից ճանաչված Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ ալ-Սարաջի գլխավորությամբ և Ներկայացուցիչների պալատը՝ Խալիֆա Հաֆթարի և Լիբիայի ազգային բանակի աջակցությամբ։ Երկու բևեռներն էլ դաշիքների մեջ են մտել տեղական աշխարհազորայինների հետ՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքի անվտանգությունն ապահովելու և իշխանությունը պահպանելու համար [2]։

2014 թվականից Լիբիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները սկսեցին պայմանավորվել արտաքին գործոններով՝ վերածելով Լիբիան միջազգային և տարածաշրջանային դերակատարների միջև մրցակցային փոխազդեցության գոտու: Այսպիսով, Եգիպտոսը, Միացյալ Արաբական Էմիրությունները և Ռուսաստանը սկսում են նշանակալի դեր խաղալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերին և Լիբիայի ազգային բանակին աջակցելու գործում: Նրանց ներգրավվածությունը ներառում է ոչ միայն քաղաքական աջակցություն, այլև զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարում, աջակցություն օդային տարածքում և մարտական ​​գործողությունների նախապատրաստման և համակարգման աջակցություն: Այս օգնությունը զգալիորեն ամրապնդեց Լիբիայի Ազգային բանակի դիրքերը և հնարավորություն տվեց երկար ժամանակ պահպանել վերահսկողությունը երկրի զգալի մասի նկատմամբ՝ չնայած Լիբիայի նկատմամբ զենքի էմբարգոն պահպանելու միջազգային կոչերին: Արտասահմանյան զինված խմբավորումների և վարձկանների ներկայությունը հատկապես նշանակալի դեր ունեցավ հակամարտության սրման գործում: Լիբիայում գործել են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ կապված մարտիկները, ինչպես նաև սիրիացի վարձկաններ և արտաքին տարբեր խաղացողների կողմից հավաքագրված այլ օտարերկրյա զորախմբերի ներկայացուցիչներ [3], [4], [5] ։

Միևնույն ժամանակ, Թուրքիան և Կատարը դարձան Տրիպոլիում գտնվող Ազգային համաձայնության կառավարության հիմնական արտաքին գործընկերները։ Նրանց աջակցությունը ներառում էր ռազմական տեխնիկայի մատակարարում, անվտանգության ուժերին խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն։ Այս ներգրավվածությունը կարևոր դեր խաղաց 2019-2020 թվականներին Լիբիայի ազգային բանակի կողմից մայրաքաղաքի վրա հարձակումը զսպելու և հետագայում խափանելու գործում [6] ։

2019-2021 թթ․ լիբիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը հասնելու փորձեր են կատարվել։ 2020 թ.-ի հոկտեմբերին, ՄԱԿ-ի աջակցությամբ, պատերազմող կողմերը հրադադարի համաձայնության եկան: ՄԱԿ-ի միջնորդությամբ անցկացվող Լիբիայի քաղաքական երկխոսությունը նաև նշանակեց ազգային ընտրություններ անցկացնելու ամսաթիվ՝ 2021 թվականի դեկտեմբերի 24-ը: Այնուամենայնիվ, հետագա բանակցությունները ջրի երես հանեցին մասնակիցների միջև խորը անհամաձայնություններ, ովքեր չկարողացան համաձայնության գալ ընտրական գործընթացի կազմակերպման շուրջ [7], [8]:

2021 թվականից հետո Լիբիայի քաղաքական իշխանությունը շարունակեց մնալ մասնատված՝ իր երկու վարչական կենտրոններով՝ Տրիպոլիի արևմտյան կառավարությունը և Խալիֆա Հաֆթարի գլխավորած և Լիբիայի ազգային բանակի կողմից վերահսկվող արևելյան կառավարությունը [9]։ Տրիպոլի-Տոբրուկ գծի երկայնքով իշխանության խորը բաժանումը սահմանափակեց երկիրը միասնական կառավարելու կենտրոնական ինստիտուտների կարողությունը:

Նավթը, մնալով Լիբիայի տնտեսության ողնաշարը և արտահանման եկամուտների ավելի քան 90%-ի աղբյուրը, շարունակում է կարևոր դեր խաղալ քաղաքական և տնտեսական կյանքում։ 2022-2025 թթ․ երկիրը կորցրել է մոտ 20 միլիարդ դոլար, մինչդեռ վառելիքի ներմուծումը 2021 թ․ օրական մոտ 20.4 միլիոն լիտրից աճել է մինչև 41 միլիոն լիտր արդեն 2024 թվականի վերջին, ինչը ընդգծում է ներքին սպառման իրական աճը և վկայում անօրինական արտահանման մասին: Մաքսանենգությունն իրականացվել է զինված խմբավորումների, հանցավոր ցանցերի և անհատ պաշտոնյաների կողմից: Հետևանքներից են եղել ներքին վառելիքի պակասը, գների աճը և սոցիալ-տնտեսական անկայունությունը [10]։

2025 թ․ նավթի արտադրությունը զգալիորեն աճել է՝ նպաստելով ՀՆԱ-ի աճին և ամրապնդելով կառավարության դիրքը [11]: Այնուամենայնիվ, կառուցվածքային խնդիրները, քաղաքական մասնատվածությունը և հարկաբյուջետային կառավարման բարեփոխումների անհրաժեշտությունը շարունակում են մնալ ակտուալ։ Այս խնդիրներն անտեսելը կարող է հանգեցնել ներքին բախումների, ինչպես տեղի ունեցավ 2025 թ․ մայիսին, որը Տրիպոլիում վերջին տարիներին տեղի ունեցած ամենալուրջ սրացումներից մեկն էր։ 2025 թ․ մայիսի 12-ից 14-ը զինված բախումներ բռնկվեցին մայրաքաղաքի ամենաազդեցիկ զինված խմբավորումներից մեկի՝ Կայունության աջակցության ապարատի (ԿԱԱ) հրամանատար Աբդել Ղանի ալ-Կիկլիի սպանությունից հետո։ Սա հանգեցրեց ԿԱԱ-ի և Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ 444-րդ մարտական ​​բրիգադի միջև բախումների։ Մայրաքաղաքի խիտ բնակեցված թաղամասերում տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվեցին մի շարք քաղաքացիական անձինք, իսկ տասնյակ անձինք վիրավորվեցին [12]։

Հակամարտության սրմանն ի պատասխան՝ մայիսի 18-19-ը Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության (UNSMIL) և Լիբիայի նախագահական խորհրդի հովանու ներքո ստեղծվեց «հրադադարի կոմիտե»-ն, որի կազմում էին անվտանգության հիմնական գործակալությունների ներկայացուցիչներ, որոնց խնդիրն էր ամրապնդել հրադադարի համաձայնագիրը և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև մշակել միջոցառումներ՝ ռեժիմի պահպանման համար[13]։

Այսօր էլ Լիբիան շարունակում է դիմագրավել մի շարք մարտահրավերների, որոնք պահանջում են երակարաժամկետ լուծումներ և կառուցողական մոտեցում։ Խնդիրները բազմաշերտ են և ներառում են՝ քաղաքական մասնատվածություն և իշխանության բաժանում մրցակից վարչակազմերի միջև, զինված խմբավորումների և աշխարհազորայինների ազդեցություն և վերահսկողություն տարբեր շրջանների նկատմամբ, անկայունություն և զինված բախումների վերսկսման ռիսկ, մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, այդ թվում՝ խոշտանգումներ և կամայական ձերբակալություններ, միգրանտների, փախստականների և ապաստան հայցողների նկատմամբ լուրջ խախտումներ, խոսքի ազատության սահմանափակումներ և քաղաքացիական հասարակության վրա ճնշումներ, քաղաքացիական ազատությունների ցածր մակարդակ, բարձր գործազրկություն՝ հատկապես երիտասարդության շրջանում, տնտեսական անկայունություն և կախվածություն նավթային ոլորտից, կոռուպցիա և տնտեսական ռեսուրսների զավթում զինված խմբավորումների կողմից, հիմնական ծառայությունների (առողջապահություն, կրթություն) հետ կապված հասանելիության խնդիրներ և այլն։ Շարքի հետագա հոդվածներում կանդրադառնանք թվարկված խնդիրների մեծ մասին։

Հեղինակ՝ Աննա Անտոնյան, արաբագետ

  • Օգտագործված գրականության ցանկ և աղբյուրներ
    1․Mansour-Ille D., (2024). Libya’s Political Crisis: A Legacy of Failed Interventionism. SALAM project.
     https://prismeinitiative.org/publications/libyas-political-crisis-dina-mansour-ille/
    2․Asst E., Onder E., Danfulani W., (2020). Trends and Dynamics of the Libya Conflict. Girne American University.
    3․Blanchard C., (2020). Libya: Conflict, Transition, and U.S. Policy. Congressional Research Service. https://www.congress.gov/crs_external_products/RL/PDF/RL33142/RL33142.121.pdf
    4․Harchaoui J., (2020). How to stop Libya’s collapse Countering Warlords, Foreign Meddlers, and Economic Malaise.
    https://www.clingendael.org/publication/how-stop-libyas-collapse
    5․England A., (2020). UAE groups implicated in suspected violation of Libyan arms embargo.
    https://www.ft.com/content/c3405be4-a9f1-4902-8356-73f5ece37825
    6․The Arab Weekly. (2020). In tandem with Turkey, Qatar puts boots on the ground in Libya.
    https://thearabweekly.com/tandem-turkey-qatar-puts-boots-ground-libya
    7․Al-Sharq Al-Awsat. (2020). Al-ʾumam al-muttaḥida ṭarafā al-nizāʿ fī Lībiyā ittafaqā ʿalā waqf dāʾim li-iṭlāq al-nār.
    https://shorturl.at/7quZF
    8․Al Jazeera. (2021). UN-backed Libya talks fail to reach consensus on elections.
    https://www.aljazeera.com/news/2021/7/3/un-backed-libya-talks-fail-to-reach-consensus-on-elections
    9․Lederer E. (2025). UN envoy underscores Libya’s security struggles amid political crisis.
    https://apnews.com/article/un-libya-security-volatile-elections-hate-speech-a7e8d2b61613869b020943ee77734e62
    10․Wintour P. (2025). State-sanctioned fuel smuggling cost Libya $20bn over three years – report.
    https://www.theguardian.com/world/2025/nov/12/state-sanctioned-fuel-smuggling-cost-libya-20bn-over-three-years-report
    11․World bank Group. (2025). Libya: Sustained Strong Growth Requires Structural Change to Improve Transparency and Public Financial Management.
    https://www.worldbank.org/en/news/press-release/2025/12/17/libya-sustained-strong-growth-requires-structural-change-to-improve-transparency-and-public-financial-management
    12․Security Council Report. (2025). June 2025 Monthly Forecast.
    https://www.securitycouncilreport.org/monthly-forecast/2025-06/libya-60.php
    13․ UNSMIL. (2025). SRSG Hanna S. Tetteh remarks to the Security Council on the situation in Libya – 24 June 2025
    https://unsmil.unmissions.org/en/srsg-hanna-s-tetteh-remarks-security-council-situation-libya-24-june-2025
     
     
     
     
Նախորդ Լուրը

Թուրքիայում պնդում են, որ ձերբակալել են «Մոսադի» գործակալների

Հաջորդ Lուրը

Բաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչուհու վրա

Այլ Լուրեր

Միջազգային

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026
Թուրքիա

Տեղի են ունեցել Թուրքիա-Վրաստան քաղաքական խորհրդակցություններ

01/04/2026
Անվտանգություն

Արաղչի. Իրանը պատրաստ է առնվազն վեց ամիս և ավելի տևողությամբ դիմակայության

01/04/2026
Հաջորդ Lուրը

Բաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչուհու վրա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)