ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխել ևս 18 հինգերորդ սերնդի F-35A Lightning II կործանիչ՝ տարածաշրջանում իր ավիացիոն խմբավորումն ուժեղացնելու նպատակով։ Այս մասին հայտնել է Itamilradar պորտալը։ Օդանավերը մեկնել են Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիաբազայից։
Պորտալի գնահատմամբ՝ սա տարածաշրջան ամերիկյան մարտական ավիացիայի միաժամանակյա ամենախոշոր տեղափոխումներից մեկն է, որը վկայում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության զգալի ուժեղացման մասին՝ Իրանի հետ աճող լարվածության ֆոնին։
Նոր տեղափոխված կործանիչները համալրել են այն 12 F-35A-ների շարքը, որոնք ավելի վաղ՝ փետրվարին, ԱՄՆ-ից տեղափոխվել էին Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազա։ Այսպիսով, ԱՄՆ-ը տարածաշրջանում այժմ ունի շուրջ 30 F-35A կործանիչ, երկու էսկադրիլիա F-15E Strike Eagle (24 ինքնաթիռ) և A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռների մեկ էսկադրիլիա (12 ինքնաթիռ)։
Բացի այդ, Արաբական ծովում՝ Իրանի մերձակայքում գտնվող USS Abraham Lincoln ավիակիրի վրա տեղակայված են նաև F-35C Lightning II կործանիչների մեկ էսկադրիլիա և F/A-18E/F Super Hornet կործանիչների երեք էսկադրիլիա՝ յուրաքանչյուրում մոտ 12 ինքնաթիռ։








