Թուրքիայի Անթալիա նահանգում խոշոր հրդեհները շարունակվում են, տարհանվել են երեք թաղամասի բնակիչներ, ինչպես նաև կենդանիների ապաստարան։ Այս մասին հայտնում է թուրքական «TRT» հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ հրդեհի ևս երկու օջախ շարունակում են ակտիվ մնալ Սերիկի շրջանում։ Նախնական տվյալներով՝ այրվել է մոտ 160 հեկտար անտառ և գյուղատնտեսական տարածք։ Սերիկում հրդեհի հետևանքով ոչնչացել է հինգ տուն, վնասվել են ջերմոցներ և գյուղատնտեսական հողատարածքներ։
Ադանա նահանգում ևս երեք խոշոր հրդեհ է բռնկվել։ Չորլու և Ֆեկե շրջաններում հրդեհները տեղայնացվել են, իսկ Կոզան շրջանում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել վերահսկել։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է։ Մոտակա տարածքների բնակիչները տարհանվել են, իսկ մի շարք ճանապարհներ՝ փակվել։







