02-04-2026 / 00:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը կարող է դառնալ Ասիան և Եվրոպան կապող կարևոր ցամաքային հանգույց․ չինացի փորձագետ

2026/03/11 14:54
Հայաստան, Միջազգային, Տեսակետ

Չինաստանի «China Briefing» տեղեկագրի հիմնադիր, քաղաքական և տնտեսական վերլուծաբան Շեն Շիվեյը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, տնտեսական համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի դերակատարությանը տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ նախագծերում։

Նրա գնահատմամբ՝ 2025 թվականին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը երկկողմ հարաբերությունները բարձրացրել է նոր մակարդակի և ամուր հիմք ստեղծել առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության խորացման համար։

–Ի՞նչպես եք գնահատում հայ–չինական հարաբերությունների ներկա վիճակը, մասնավորապես ՝ առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության ոլորտում:

-Հայ-չինական հարաբերությունները հասել են պատմական նոր առավելագույնին, որը նշանավորվել է 2025 թվականին ռազմավարական գործընկերություն հաստատելու երկու երկրների միաձայն որոշմամբ: Այս կարևոր հանգրվանը նոր մակարդակի է բարձրացնում երկկողմ հարաբերությունները և հստակ ռազմավարական ուղղություն է ապահովում առևտրա-ներդրումային և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման համար՝ ամուր քաղաքական հիմք դնելով կայուն և երկարաժամկետ գործնական համագործակցության համար:

–Հայաստանի տնտեսության ո՞ր ճյուղերը, ըստ Ձեզ, չինական ընկերությունների և ներդրողների հետ համագործակցության ամենամեծ ներուժն ունեն:

-Հայաստանը մեծ ներուժ ունի ներդրումներ կատարելու և բիզնեսը զարգացնելու համար գյուղատնտեսական տեխնոլոգիաներ արտադրող չինական ձեռնարկություններին ներգրավելու համար, ինչը կօգնի արագացնել Հայաստանի գյուղատնտեսության արդիականացումը: Առաջնահերթ ոլորտները ներառում են նաև ենթակառուցվածքները, տրանսպորտը և լոգիստիկան՝ կապի խնդիրները լուծելու համար, ինչպես նաև վերականգնվող էներգիան և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը:

–Ի՞նչպես եք գնահատում տարածաշրջանային կապերի բարելավմանն ուղղված Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Հայաստանի հետ համագործակցության պոտենցիալ ոլորտներ տեսնո՞ւմ եք: 

-«Խաղաղության խաչմերուկ»-ը կառուցողական նախաձեռնություն է, որը համապատասխանում է տարածաշրջանային փոխկապակցվածության վերաբերյալ Չինաստանի պատկերացումներին: Չինաստանը աջակցում է այս նախաձեռնությանը և համագործակցության մեծ ներուժ է տեսնում, հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների, միջսահմանային լոգիստիկայի և մաքսային ընթացակարգերի պարզեցման ոլորտներում: Դա կարող է օգնել Հայաստանի աշխարհագրական դիրքը կապել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ՝ նպաստելով Եվրասիայի հետ փոխգործակցության բարելավմանը։

–Արդյոք տեսնո՞ւմ եք Հայաստանի համար դերակատարություն չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունում, մասնավորապես, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ցանցերում:  

-Անշուշտ։ Լինելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առաջին աջակիցներից մեկը՝ Հայաստանը կարող է զգալիորեն օգուտ քաղել տրանսպորտային հաղորդակցության բարելավումից։ Շնորհիվ Չինաստանի մասնակցության այնպիսի ենթակառուցվածքային նախագծերում, ինչպիսին է Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, Հայաստանը կարող է դառնալ առանցքային ցամաքային հանգույց` նպաստելով Ասիայի և Եվրոպայի միջև մուլտիմոդալ տրանսպորտային կապերի օպտիմալացմանը։

–Կարո՞ղ է արդյոք Հայաստանը դառնալ հուսալի տարանցիկ գործընկեր Ասիան և Եվրոպան կապող Միջին միջանցքի համատեքստում:  

-Այո: Բարելավված տրանսպորտային ենթակառուցվածքի և կայուն քաղաքական միջավայրի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ հուսալի տարանցիկ գործընկեր: Դա կարող է օգնել դիվերսիֆիկացնել Միջին միջանցքի երթուղիները և բարձրացնել Եվրասիական լոգիստիկայի ընդհանուր կայունությունը։

–Ի՞նչ գործոններ կարող են նպաստել առաջիկա տարիներին Հայաստանում չինական ներդրումների ավելացմանը: 

-Հիմնական գործոններն են ներդրումային միջավայրի հետագա բարելավումը, վարչական և մաքսային ընթացակարգերի պարզեցումը, «Գոտի և ճանապարհ»-ի և Հայաստանի զարգացման ռազմավարությունների միջև քաղաքականության համակարգման ուժեղացումը, ինչպես նաև միջսահմանային առևտրի ծախսերի նվազեցման համար փոխգործակցության բարելավումը: Ավելի լավ մուտքը դեպի հարևան և տարածաշրջանային շուկաներ նույնպես կգրավի ավելի շատ չինացի ներդրողների:

–Ի՞նչ եք կարծում Հայաստանն ունի՞ չինացի զբոսաշրջիկների համար գրավիչ վայր դառնալու  ներուժ: Ո՞ր քայլերը կարող են նպաստել երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը:

-Այո: Հայաստանի պատմական ժառանգությունը, բնական լանդշաֆտները և յուրահատուկ մշակույթը շատ գրավիչ են չինացի զբոսաշրջիկների համար: Վիզաներից փոխադարձ ազատման համաձայնագիրը և երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթներն ամուր հիմք են դրել։ Երկկողմ զբոսաշրջությունն էլ ավելի խթանելու համար Հայաստանը պետք է ինտեգրի իր սեփական զբոսաշրջային ռեսուրսները հարևան երկրների ռեսուրսների հետ, որոնք նաև վիզային արտոնություններ են առաջարկում Չինաստանի քաղաքացիներին, ստեղծի յուրահատուկ ապրանքանիշեր և ձևավորի զբոսաշրջային պրոդուկտների ավելի որակյալ կլաստեր: Բացի այդ, չինական զբոսաշրջային հարթակներում հետագա առաջխաղացումը և զբոսաշրջային ծառայությունների բարելավումը նույնպես կօգնեն խթանել երկկողմ զբոսաշրջությունը:

–Ինչպե՞ս կարող է Հայաստանն ավելի շատ ներգրավել չինական ընկերություններին, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին:  

-Հայաստանը կարող է ավելի շատ ներգրավել չինական փոքր և միջին ձեռնարկություններին ՝ տրամադրելով պարզեցված գրանցում, հստակ ներդրումային քաղաքականություն և հասցեական աջակցություն լոգիստիկայի և շուկաների հասանելիության ուղղությամբ: Գործարար կապեր հաստատելու միջոցառումների անցկացումը և հաջող համագործակցության փորձի փոխանակումը նույնպես կօգնեն վստահություն ստեղծել չինական ձեռնարկությունների շրջանում:

–Ինչպե՞ս  եք  գնահատում Հայաստանի հնարավորությունները Եվրոպայի և Ասիայի միջև տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործում:  

-Հայաստանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական ինտեգրման կարևոր օղակ: Բարելավելով տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունը՝ Հայաստանը կարող է նպաստել Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքների, կապիտալի և անձնակազմի ավելի արդյունավետ տեղաշարժին՝ աջակցելով տարածաշրջանային ավելի սերտ տնտեսական համագործակցությանը:  

–Հայաստան-Չինաստան համագործակցությունը, ըստ Ձեզ, ո՞ր ոլորտներում է առավել զարգանալու առաջիկա տարիներին:

-Ենթակառուցվածքները, լոգիստիկան և կապը կմնան աճի առանցքային ոլորտներ, քանի որ դրանք ուղղակիորեն կապված են Հայաստանի զարգացման խնդիրների հետ: Զբոսաշրջությունը, մշակութային փոխանակումները և գյուղատնտեսական համագործակցությունը նույնպես անշեղորեն կընդլայնվեն։  

–Չինաստանն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է: Որքանով է կարևոր Հարավային Կովկասի տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը Չինաստանի երկարաժամկետ տնտեսական ռազմավարության համար:

-Հարավային Կովկասի տարածաշրջանը՝ ներառյալ Հայաստանը, ռազմավարական նշանակություն ունի Չինաստանի երկարաժամկետ տնտեսական ռազմավարության և այլ երկրների հետ նրա կապերի առումով: Հայաստանը դեպի ծով ելք չունեցող Հարավային Կովկասի երկիր է, և արտաքին աշխարհաքաղաքական և տնտեսական միջավայրը զգալի խնդիրներ է ստեղծում նրա զարգացման համար: Տրանսպորտային բարձր ծախսերը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին առևտրի հիմնական զսպող գործոնը, այդ թվում ՝ Չինաստանի հետ։ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը կարևոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանի տնտեսական զարգացման համար: Այն կարող է օգնել Հայաստանին մոտեցնել Չինաստանի և ԵՄ երկու հիմնական շուկաները և արտադրական բազաները, նվազեցնել միջազգային առևտրի ծախսերը և աջակցել Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տնտեսական շրջանառության մեջ՝ որպես բաց և դիվերսիֆիկացված գործընկեր: Դիվերսիֆիկացված միջազգային տնտեսական համագործակցության և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման շարունակումը կնպաստի Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը:

–Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժ տեսնո՞ւմ եք այնպիսի բարձր տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, թվային տնտեսությունը կամ նորարարությունը:

-Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժը բարձր տեխնոլոգիական ոլորտում պետք է կենտրոնանա առաջնահերթ կրթության ոլորտում համագործակցության վրա: Հայաստանը պետք է օգտվի ռազմավարական հնարավորությունից, քանի որ Չինաստանն իր 15-րդ հնգամյա ծրագրում առաջնահերթ ուշադրություն է դարձնում ապագայի ոլորտների զարգացմանը։ Հայաստանը պետք է ձևակերպի համապատասխան աջակցության քաղաքականություն և ավելացնի Չինաստան ուղարկվող ուսանողների թիվը ՝ գիտական և տեխնոլոգիական նորարարությունները լավագույն պրակտիկայում ուսումնասիրելու համար: Նման կրթական և գործնական համագործակցությունը ամուր հիմք կդնի երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության երկարաժամկետ զարգացման համար:

-Ի՞նչ դեր կարող են ունենալ կրթական և մշակութային փոխանակումները հայ–չինական հարաբերությունների ամրապնդման գործում: 

-Կրթական և մշակութային փոխանակումները Չինաստանի և Հայաստանի միջև փոխվստահության և բարեկամության հիմքն են և անփոխարինելի դեր են խաղում երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Չինաստանը արագ զարգանում է՝ անընդհատ առաջընթաց գրանցելով տարբեր ոլորտներում, և որքանով ես տեղյակ եմ, ներկայում Հայաստանում գտնվող Չինաստանի քաղաքացիների թիվը դեռևս համեմատաբար փոքր է, ինչը նշանակում է ապագայում երկու երկրների մարդկանց միջև փոխանակումների հսկայական ներուժ կա: Ներկայում  Չինաստանն ակտիվորեն զարգացնում է ապագա արդյունաբերությունները, և խորը կրթական և մշակութային փոխանակումները կօգնեն հայ ժողովրդին ավելի լավ հասկանալ Չինաստանի զարգացումը, ըմբռնել Չինաստանի ապագա արդյունաբերական զարգացման ընձեռած հնարավորությունները և հետագայում ամուր սոցիալական հիմք դնել Չինաստան-Հայաստան հարաբերությունների երկարաժամկետ, առողջ և կայուն զարգացման համար։ – Հայաստանում կա՞ն խոշոր ենթակառուցվածքային կամ լոգիստիկ նախագծեր, որոնք կարող են հետաքրքրել չինական ընկերություններին: 

-Չինական ընկերություններին իրենց խոշոր ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերում ներգրավելու համար Հայաստանը նախ պետք է ուժեղացնի իր գովազդային գործունեությունը Չինաստանում: Ներկայում չինացի ներդրողները այնքան էլ ծանոթ չեն Հայաստանին։  Հայաստանի մասին նրանց տեղեկությունների մեծ մասը գալիս է միջազգային խոշոր լրատվամիջոցներից, ինչը լուրջ աջակցություն չէ օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում։  

–Ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել հայ ժողովրդին և հայ գործարար համայնքին Չինաստանի հետ հետագա համագործակցության վերաբերյալ:  

-Առաջիկա հինգ տարիների ընթացքում Չինաստանը կշարունակի օգտագործել իր գերխոշոր բաց շուկայի առավելությունները, ինչը արժեքավոր հնարավորություն է Հայաստանի համար: Մենք հրավիրում ենք ավելի ու ավելի շատ հայ ընկերների այցելել Չինաստան՝ ուսումնասիրության և զբոսաշրջային նպատակներով, անձամբ ծանոթանալ Չինաստանի զարգացմանը և սերտ կապեր հաստատել չինացի գործընկերների հետ: Հրավիրում ենք ձեզ ակտիվորեն մասնակցել Չինաստանում անցկացվող բարձր մակարդակի միջազգային ցուցահանդեսներին, ինչպիսիք են Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսը (CIIE), Չինաստանի ծառայությունների առևտրի միջազգային ցուցահանդեսը (CIFTIS), Կանտոնի տոնավաճառը (Canton Fair) և Էներգետիկայի միջազգային համաժողովը (CICPE)՝ չինացի ժողովրդին ցուցադրելու Հայաստանի շահավետ արդյունաբերություններն ու որակյալ արտադրանքը, ինչպես նաև ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները: Մենք ողջունում ենք Հայաստանի ակտիվ մասնակցությունը «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցմանը և համագործակցության նոր ուղղությունների զարգացումը օդատիեզերական, բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Լիահույս ենք, որ բարձրորակ գյուղմթերքի, զբոսաշրջային և արդյունաբերական ապրանքների հայաստանյան արտադրողները կօգտվեն այս հնարավորությունից, կխորացնեն համագործակցությունը չինացի գործընկերների հետ և դուրս կգան չինական ընդարձակ շուկա: Չինաստանը միշտ կլինի հուսալի և անկեղծ գործընկեր, որը ձգտում է փոխշահավետ համագործակցության:

Նախորդ Լուրը

Սուտ է պնդումը, թե Իրանը ծրագրել էր հարվածել ԱՄՆ-ին կամ ամերիկյան զինված ուժերին. Արաղչի

Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա

Այլ Լուրեր

Ժամանց

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Միջազգային

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026
Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)