ACSES (Armenian Center for Socio-Economic Studies) վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է Իրանի դերը Հայաստանի արտաքին առևտրում, ինչպես նաև բացահայտել այն ապրանքներն ու տնտեսական գործունեության տեսակները, որոնք առավել խոցելի են Իրանում ռազմական գործողությունների սրման և ենթակառուցվածքների խափանումների պայմաններում: Այս մասին կենտրոնը հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Կենտրոնի եզրակացություններն են.
- «2025 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 9%-ը իրականացվել է Մեղրիի անցակետով, իսկ եթե բացառենք ոսկու և ադամանդի առևտրաշրջանառություն, ապա այս անցակետին բաժին է ընկնում Հայաստանի առևտրաշրջանառության 11%-ը։
- Հայաստանի ապրանքային ներմուծման 11%-ը և արտահանման 6%-ը իրականացվում է հայ-իրանական սահմանով։
- Հայ-իրանական սահմանով Հայաստան են ներմուծվում շինարարության մեջ լայնորեն օգտագործվող երկաթից ձողեր (ատամնավոր ամրաններ), նավթային բիտում, ցեմենտ, որոնց մեծ մասը հնարավոր է փոխարինել տեղական արտադրանքով, սակայն դա կարող է հանգեցնել շինարարության ծախսերի որոշակի աճի։ Ընդ որում, 2025 թվականին Հայաստան ներմուծված երկաթից ձողերի 89.1%-ը, նավթային բիտումը գրեթե ամբողջությամբ, ցեմենտի 88.4%-ը և թրծված մոլիբդենի խտանյութի 97.7%-ը ներմուծվել են Մեղրիի սահմանային անցակետով։
- 2025 թվականին հայ-իրանական սահմանով ներմուծման 42%-ը կազմել են չինական ծագման ապրանքները, որոնց մեջ առաջատարը մարդատար ավտոմեքենաներն են։ Ընդ որում, Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների շուրջ 9%-ը ներմուծվում է Մեղրիի անցակետով։
- 2025 թվականին հայ-իրանական սահմանով արտահանման 73%-ը բաժին է հասնում սիգարետներին։
- Հայ-իրանական սահմանի նշանակությունը համեմատաբար մեծ է Հայաստանից արտահանվող սիգարետների դեպքում։ 2025 թվականին Հայաստանից արտահանված սիգարետների 62.5%-ը արտահանվել է Մեղրիի անցակետով հիմնականում ուղղվել է Իրաք և ԱՄԷ։ Ընդ որում, Իրաքին բաժին է հասնում Հայաստանից արտահանվող սիգարետների շուրջ կեսը։
- Տրանսպորտային ընկերությունների հետ իրականացված խորքային հարցազրույցները ցույց են տալիս, որ ապրիլի սկզբի դրությամբ մատակարարումների և արտահանման խափանումներ չեն արձանագրվել։ Սակայն նկատվում է տրանսպորտային ծախսերի որոշակի աճ, հատկապես այն դեպքերում, երբ երթուղիները անցնում են ակտիվ ռազմական գործողությունների գոտիներով։
- Իրանի տարածքում ենթակառուցվածքների խաթարման և հայ-իրանական սահմանով առևտրի իրականացման անհնարինության պայմաններում Հայաստանի համար օպտիմալ կլինի Թուրքիայի տարածքով փոխադրումների կազմակերպումը։ Մասնավորապես, Հայաստանից Իրաք և ԱՄԷ արտահանման պարագայում սա կլիներ ամենաարդյունավետ այլընտրանքային տարբերակը։ Իրանի տարածքում ենթակառուցվածքների խաթարման և հայ-իրանական սահմանով առևտրի իրականացման անհնարինության պայմաններում Հայաստանի համար օպտիմալ կլինի Թուրքիայի տարածքով փոխադրումների կազմակերպումը։ Մասնավորապես, Հայաստանից Իրաք և ԱՄԷ արտահանման պարագայում սա կլիներ ամենաարդյունավետ այլընտրանքային տարբերակը։
- Ներմուծման դեպքում ևս Թուրքիայի տարածքով փոխադրումների կազմակերպումը կլիներ ավելի արդյունավետ, քան Վրաստանի տարածքով այլընտրանքը»։








