Ապրիլի 13-ին Եկատերինբուրգի դատարանը Ուրալի ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկուն դատապարտել է 9 տարվա խիստ ռեժիմի գաղութի, իսկ նրա որդի Մութվալի Շիխլինսկուն՝ 8 տարվա ընդհանուր ռեժիմի գաղութի։ Նրանք մեղավոր են ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։
Քննության տվյալներով՝ 2025 թվականի հուլիսի 1-ին Շիխլինսկու ձերբակալության ընթացքում նրա որդին վրաերթի է ենթարկել հատուկջոկատայիններից մեկին։ Դատարանում Մութվալի Շիխլինսկին հայտարարել է, որ դա եղել է պատահականություն և նա չի տեսել ուժայինին:
Միևնույն ժամանակ Շահին Շիխլինսկու նկատմամբ սա միակ դատավճիռը չէ։ Ավելի վաղ նա արդեն դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման՝ մի շարք ծանր հանցագործությունների համար, այդ թվում՝ 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած սպանությունների և սպանության փորձերի գործերով։ Մեղադրանքի համաձայն՝ այդ հանցագործությունները կապված էին սփյուռքի ներսում ազդեցության ոլորտների բաժանման և առաջնորդության համար պայքարի հետ։ Դատավճիռների համակցմամբ Շիխլինսկուն նշանակվել է ընդհանուր 24 տարվա ազատազրկում, որոնցից առաջին չորս տարին նա կանցկացնի բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Միաժամանակ Ադրբեջանում իրավապահները կալանքի տակ են պահում Ռուսաստանի ութ քաղաքացիների, որոնց մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի խոշոր խմբաքանակի ապօրինի շրջանառության համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք ներգրավված են եղել Իրանից թմրանյութերի տարանցման և Բաքվում դրանց վաճառքի կազմակերպման մեջ։
Կալանավորվածների թվում կան տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ ծրագրավորողներ, հոգեբան և ուսանող։ Նրանցից մի քանիսի հարազատներին թույլատրվել է տեսակցել, իսկ ռուսական կողմը հայտարարել է, որ հետևում է նրանց պահման պայմաններին և ակնկալում է արդար վերաբերմունք։
Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների սրվել էին 2024 թվականի դեկտեմբերին Ղազախստանում Բաքվից դեպի Գրոզնի թռչող Azerbaijan Airlines ընկերության ինքնաթիռի վթարից հետո։ Պատճառների շարքում նշվում էր, որ այն կարող էր խոցված լինել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Լարվածության դրսևորումներից էր երկու երկրներում ադրբեջանցիների ու ռուսաստանցիների քրեական հետապնդումները: Չնայած 2025 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներին, այդ թվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, հարաբերություններում անվստահությունը պահպանվում է:








