Ապրիլի 20-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բեռլինում ՌԴ դեսպանին՝ պարզաբանումներ պահանջելով գերմանական թիրախների դեմ Մոսկվայի հնչեցրած ուղղակի սպառնալիքների վերաբերյալ։ Գերմանիայի ԱԳՆ-ն նշել է, որ «նման գործողություններն Ուկրաինային Բեռլինի աջակցությունը թուլացնելու փորձ են»։ Այս մասին հայտնում է Tagesspiegel-ը:
Պաշտոնական Բեռլինն ընդգծել է, որ թույլ չի տա իրեն վախեցնել, և սպառնալիքներն ու լրտեսական ցանկացած տեսակի գործունեությունն անընդունելի են համարվում։
Թեև Գերմանիայի ԱԳՆ-ն չի հստակեցրել, թե կոնկրետ որ հայտարարություններն են դարձել դեսպանին կանչելու առիթ, ենթադրվում է, որ դա կապված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախորդ շաբաթվա հայտարարության հետ։ Ռուսական կողմը սպառնացել էր թիրախավորել եվրոպական այն ընկերությունները, որոնք կապեր ունեն Ուկրաինայի հետ, և այդ ցանկում նշվել են գերմանական երեք ձեռնարկություններ՝ Davinci Avia-ն, շարժիչների արտադրող 3W Professional-ը և Airlogistics Germany բեռնափոխադրող ընկերությունը։








