Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա շուրջ ընթացող գործընթացներին։
Պատգամավորը նշել է, որ արդարացի է և անհրաժեշտ ճանաչել և հիշել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հատկապես ներկա ժամանակներում, երբ բռնի ուժի և զորեղի գործելաոճը կրկին տիրում է աշխարհում․ «Պատմական ճշմարտությունն անհերքելի է, և այն ժխտելու յուրաքանչյուր փորձ, ի վերջո, դատապարտված է ձախողման։ Ես կարծում եմ, որ մենք ականատես ենք լինում ճանաչման կայուն և անշրջելի գործընթացի։ Թուրքիան շարունակում է սպառնալ և ճնշում գործադրել ուրիշների վրա՝ փորձելով կանխել ճանաչումը, բայց սա մի ջանք է, որը մտավոր և բարոյական առումով անկայուն է»,- հավելել է Ինյարիտուն։
Հարցին, թե ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան, ի վերջո, կառերեսվի պատմական ճշմարտության հետ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Ջոն Ինյարիտուն ափսոսանքով է արձանագրել, որ Ցեղասպանության փաստը ժխտել են Թուրքիայի բոլոր կառավարությունները՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից։
«Այնուամենայնիվ, ես շարունակում եմ լիահույս մնալ, որ Թուրքիայում նոր քաղաքական, ակադեմիական և մտավորական սերունդները մի օր կունենան համարձակություն՝ լիովին ճանաչել տեղի ունեցածը»,-ասել է նա՝ հավելելով, որ ճշմարտության ճանաչումը չպետք է դիտարկվի որպես սպառնալիք, այլ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման, պատմական արդարության և անցյալի հետ ավելի ազնիվ հարաբերությունների հիմք։
Պատգամավորը նաև խոսել է ներկայում Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ այն համատեքստում, թե ինչ կերպ կարող է այս գործընթացն ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա։
«Երկխոսությունը միշտ դրական է, և ես հույս ունեմ, որ այն կնպաստի երկու պետությունների և նրանց ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավմանը։ Այնուամենայնիվ, Թուրքիան պետք է հաշտվի մեկ էական իրականության հետ. աշխարհի տարբեր անկյուններում ապրող միլիոնավոր հայերը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Նրանք այն հայերի ժառանգներն են, որոնք մի ժամանակ ապրել են այն տարածքում, որն այժմ Թուրքիայի մաս է կազմում, որոնք այդ հասարակության մաս են կազմել և իրենց գիտելիքներով, մշակույթով, աշխատանքով և բարգավաճմամբ նպաստել են դրա զարգացմանը»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն։
Նրա բնորոշմամբ՝ այն Թուրքիան, որը կճանաչի տեղի ունեցածը, կլինի ժողովրդավարական առումով ավելի հասուն, բարոյապես ավելի ուժեղ և ավելի լավ պատրաստված՝ անկեղծ հարաբերություններ կառուցելու Հայաստանի և իր սեփական պատմության հետ։







