Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը սեպտեմբերի 15-ից 25-ը ժամանակավորապես կդադարեցվի։ Պատճառը Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա նախատեսված կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքներն են։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա»-ն։
Ընկերության հաղորդմամբ՝ այդ ժամանակահատվածում Հայաստանի սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պահուստների և Իրանից լրացուցիչ ծավալներով բնական գազի մատակարարման հաշվին։
Նշենք, որ Հայաստանն իր գազի պահանջարկի հիմնական մասը ապահովում է ռուսական գազի հաշվին։ 2025 թվականին «Գազպրոմ»-ը Հայաստան է մատակարարել մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ։
Իրանից Հայաստան տարեկան մատակարարվում է ևս մոտ 476 միլիոն խորանարդ մետր գազ՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։








