ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Պրահայում ներկայացրել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում՝ «COP17»-ում, Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու տեսլականը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։
Աբիսողոմոնյանը մասնակցել է Պրահայում անցկացված ԵԱՀԿ 32-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպմանը և ելույթ ունեցել «Գիտության դերը դիվանագիտության մեջ» խորագրով նիստում։ Նա ընդգծել է գիտական տվյալների և փորձագիտական գիտելիքի կարևորությունը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներում։
Անդրադառնալով «COP17»-ի նախապատրաստական աշխատանքներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը որդեգրել է ներառական մոտեցում՝ նախատեսելով կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական և ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, երիտասարդության, կանանց, բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների և մասնավոր հատվածի ներգրավում։
Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև համաժողովի շրջանակում նախատեսվող միջոցառումները։ Նա անդրադարձել է «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովին, որի արդյունքում նախատեսվում է ընդունել «Գործողությունների երևանյան կոչ» քաղաքական հռչակագիրը։ Փաստաթղթով նախատեսվում է վերահաստատել կենսաբազմազանության կարևորությունը կայուն զարգացման, պարենային անվտանգության, կլիմայական դիմակայունության և բարեկեցության ապահովման գործում։
Նա ընդգծել է նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների իրականացման ուղղությամբ առաջընթացի առաջին Գլոբալ վերանայման կարևորությունը։ Ըստ նրա՝ այն հնարավորություն կտա գնահատել արձանագրված առաջընթացը, բացահայտել առկա բացերը և որոշել այն ուղղությունները, որոնք լրացուցիչ ջանքերի կարիք ունեն։
«COP17»-ի շրջանակում Հայաստանը նախատեսում է նաև նախաձեռնություններ բնապահպանական դրական խթանների ընդլայնման, տարածքային պահպանության արդյունավետ միջոցների վերաբերյալ փորձի փոխանակման, նոր տեխնոլոգիաների միջոցով կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգերի զարգացման և լեռնային ու քաղցրահամ էկոհամակարգերի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ մասնակից պետությունների և միջազգային գործընկերների հետ՝ Երևանում կայանալիք «COP17»-ի շրջանակում գործնական արդյունքներ ապահովելու նպատակով։







