Թբիլիսիում ձերբակալվել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գեորգի Բարամիձեն, որը Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին Վրաստանի ուժային կառույցներում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ։ Վրաստանի դատախազությունը նրան պետական դավաճանության մեղադրանք է առաջադրել՝ 1992-1993 թվականներին Աբխազիայի պատերազմի վերաբերյալ նրա տված հարցազրույցի առնչությամբ։
Բարամիձեն, պատմելով պատերազմի տարիներին գերիների փոխանակման շուրջ բանակցություններին իր մասնակցության մասին, ասել է, որ վրացական կողմը չէր կարող շարունակել փոխանակումները, քանի որ փոխանակման համար գերիներ չուներ։ Հարցին, թե ինչու վրացական կողմը գերիներ չուներ, նա պատասխանել է, որ վրացական կողմը գերիներին «գնդակահարում էր»։ Ավելի ուշ քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր խոսքերը հանվել են համատեքստից։
Վրաստանի դատախազությունը պնդում է, որ հետաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվել են վրացի զինծառայողների կողմից գերիների գնդակահարության վերաբերյալ փաստերը։ Ըստ քննության՝ Բարամիձեի հայտարարությունները եղել են «անհիմն և հորինված», ունեցել են «կանխամտածված գաղափարական-տեղեկատվական բնույթ» և կարող էին վնաս հասցնել Վրաստանի պետական շահերին, պաշտպանունակությանը, արտաքին անվտանգությանը և երկրի միջազգային հեղինակությանը։
Գերատեսչությունում նաև եզրակացրել են, որ Բարամիձեի հայտարարությունները վնասել են Վրաստանի պաշտպանության ուժերի հեղինակությանը, վիրավորել զոհված զինծառայողների և պատերազմի վետերանների պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև կարող էին բացասաբար ազդել աբխազ բնակչության հետ հաշտեցման գործընթացի վրա։







