Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամների և նրանց կողմնակիցների մասնակցությամբ մայիսի 24-ին ցույցեր են տեղի ունեցել Անկարայում՝ ոստիկանության գործողություններից հետո։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Ըստ հաղորդագրությունների՝ ոստիկանությունը մտել է կուսակցության գլխամասային գրասենյակ և այնտեղից հեռացրել կուսակցության նախկին ղեկավար Օզգյուր Օզելին և մի շարք անդամների։ Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ, կոտրել ապակե դուռը և քանդել ժամանակավոր արգելապատնեշները։ Դրանից հետո Օզելը և իր կողմնակիցները երթով շարժվել են դեպի խորհրդարան։ Նշվում է, որ Օզելին և նրա աջակիցներին թույլ չի տրվել մտնել խորհրդարանի շենք։ Օզելը իր կողմնակիցների առջև ելույթում հայտարարել է, որ ընդդիմությանը հեռացրել են գրասենյակից, սակայն իրենք պայքարը շարունակելու են փողոցներում։
Նշենք, էր մայիսի 21-ին Անկարայի վերաքննիչ դատարանը անվավեր էր ճանաչել կուսակցության 38-րդ համագումարի արդյունքները, որոնց համաձայն Օզգյուր Օզելը ընտրվել էր ղեկավար։ Դատարանը որոշել էր ժամանակավորապես հեռացնել գործող ղեկավարությանը և կուսակցության կառավարումը հանձնել նախկին ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին։ Ժողովրդահանրապետական կուսակցությունը մերժել է դատարանի որոշումը՝ այն որակելով որպես «հեղաշրջման փորձ»։








