Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի հարավային և արևելյան շրջաններում իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, կան նաև վիրավորներ։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական «NNA» գործակալությունը։ Տեղեկությունների համաձայն՝ հարավային Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական հարվածները շարունակվում են։
Իսրայելական բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հեզբոլլահ»-ին պատկանող ավելի քան 70 ենթակառուցվածքային օբյեկտների։ «Հեզբոլլահն» իր հերթին հայտնել է, որ թիրախավորել է հարավային Լիբանանում տեղակայված իսրայելական ուժերի տրանսպորտային միջոցները, ինչպես նաև զորքերի հավաքատեղիներ և զորանոցներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է ակտիվացնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների դեմ գործողությունները՝ ի պատասխան անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ «Մենք պատերազմի մեջ ենք «Հեզբոլլահ»-ի հետ», -ասել է նա իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3185-ի, վիրավորներինը՝ 9633-ի։







