Իսրայելն ու Լիբանանը, ԱՄՆ միջնորդությամբ, համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի իրականացման շուրջ։ Այս մասին, «DW» ռուսական ծառայության փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Համաձայնագիրը ձեռք է բերվել Վաշինգտոնում երկու օր տևած բանակցությունների արդյունքում, որոնց մասնակցել են իսրայելական և լիբանանյան պատվիրակությունները։ Ըստ հայտարարության՝ համաձայնության իրականացումը կախված է լինելու լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման կողմից կրակի լիակատար դադարեցումից և նրա զինյալների՝ Լիտանի գետից հարավ ընկած հատվածից դուրսբերումից։ Բացի այդ՝ նախատեսվում է ստեղծել փորձնական անվտանգության գոտիներ, որոնք վերահսկվելու են բացառապես Լիբանանի բանակի կողմից։
Փաստաթղթում նշվել է նաև, որ հունիսի 22-ից սկսվող շաբաթվա ընթացքում Լիբանանն ու Իսրայելը կշարունակեն ուղիղ բանակցությունները՝ նպատակ ունենալով հասնել համապարփակ համաձայնության և լուծել բաց մնացած հարցերը։
Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 2200 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Իսրայելի բանակը հայտնել է, որ մարտի սկզբից սպանվել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 1700 անդամ։








