ԵՄ խորհուրդը Հայաստանում նորաստեղծ Եվրոպական միության Գործընկերության առաքելության (EUPM Armenia) ղեկավար է նշանակել Կոսմին Ջորջե Դինեսկուին։ Նրա նախնական մանդատը կգործի մեկ տարի՝ սկսած 2026 թվականի հունիսի 11-ից։ Որոշումն ընդունվել է ԵՄ-ի Քաղաքական և անվտանգության կոմիտեի կողմից: Այս մասին հայտնել է ԵՄ խորհուրդը։
Հայտարարության մեջ նշվել է, որ EUPM Armenia առաքելությունը ստեղծվել է Հայաստանի իշխանությունների դիմումով՝ 2026 թվականի ապրիլի 26-ին, նախնական երկու տարվա ժամկետով։ Առաքելության նպատակն է ամրապնդել երկրի դիմակայունությունն ու ճգնաժամերի կառավարման կարողությունները։ Այն Հայաստանին աջակցելու է բազմաշերտ սպառնալիքների հաղթահարման գործում, այդ թվում՝ կիբերհարձակումների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների (FIMI), ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում՝ տրամադրելով ռազմավարական և գործնական խորհրդատվություն։
Կոսմին Դինեսկուն ռումինացի դիվանագետ է՝ դեսպանի աստիճանով: Վերջին երեք տարիների ընթացքում Դինեսկուն եղել է EUPM Moldova-ի առաջին ղեկավարը։ Այդ պաշտոնում նա ղեկավարել է ԵՄ առաջին քաղաքացիական Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) առաքելության ստեղծումը, որի նպատակը Մոլդովայի ազգային ճգնաժամային կառավարման կառույցների աջակցությունն ու հիբրիդային սպառնալիքներին հակազդումն էր։
EUPM Armenia-ն ԵՄ-ի երկրորդ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում։ Այն առանձին և անկախ կառույց է ԵՄ առաքելությունից, որը ստեղծվել է 2023 թվականին և որի գործառույթն է տեղում իրավիճակի դիտարկումն ու զեկուցումը, ինչպես նաև վստահության ամրապնդման և հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը նպաստելը։







