Իրանի հետ ավելի քան 100 օր տևած ռազմական հակամարտությունը զգալի ֆինանսական և մարդկային կորուստներ է պատճառել ԱՄՆ-ին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե Վաշինգտոնը հասել է իր նպատակներին։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) նախնական գնահատականներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հակամարտության ուղղակի արժեքը ԱՄՆ պաշտպանության նախարարության համար կազմել է շուրջ 40 միլիարդ դոլար։ Այդ գումարը ներառում է օգտագործված զինամթերքի, ոչնչացված տեխնիկայի և ռազմական բազաներին հասցված վնասների ծախսերը, սակայն չի ընդգրկում արդեն հաստատված ռազմական բյուջեի շրջանակներում իրականացված օպերացիոն ծախսերը։
CSIS-ի ավագ խորհրդական Մարկ Քենսիանի գնահատմամբ՝ պատերազմի ընթացքում ամենամեծ ծախսը բաժին է ընկել զինամթերքին․ դրա վրա ծախսվել է մոտ 26 միլիարդ դոլար։ Մասնավորապես, ԱՄՆ-ն լայնորեն կիրառել է թանկարժեք և բարձր ճշգրտության հեռահար հրթիռներ, այդ թվում՝ շուրջ հազար Tomahawk թևավոր հրթիռ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 2,5 միլիոն դոլար է։
Հակամարտությունը նաև լուրջ ճնշում է գործադրել ԱՄՆ-ի ռազմավարական զինապահեստների վրա։ CNN-ի զրուցակից փորձագետների և պաշտոնյաների խոսքով՝ պատերազմի ընթացքում սպառվել են մի շարք կարևոր հրթիռային պաշարներ, ինչի հետևանքով նախագահ Թրամփը հունիսին կիրառել է Պաշտպանական արտադրության մասին օրենքը՝ ռազմական արտադրողներին պարտադրելով ավելացնել սպառազինության արտադրությունը։
Միաժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին ներկայացրել է լրացուցիչ 80 միլիարդ դոլարի ֆինանսավորման հայտ, որի մոտ 20 միլիարդ դոլարը կապված է Իրանի հետ պատերազմի հետևանքների հաղթահարման հրատապ կարիքների հետ։
Հակամարտության ազդեցությունը զգացվել է նաև ԱՄՆ տնտեսության վրա։ Վառելիքի գները, որոնք մինչև պատերազմի սկիզբը երկրում միջինում մեկ գալոնի համար 3 դոլարից ցածր էին, ռազմական գործողությունների ընթացքում գերազանցել են 4 դոլարը։ Ըստ փորձագետների՝ էներգակիրների թանկացումը դարձել է պատերազմի տնտեսական հիմնական հետևանքներից մեկը։
CNN-ը նշել է, որ թեև նախագահ Թրամփը հայտարարում է, որ ձեռք բերված համաձայնությունները նպաստել են շուկաների կայունացմանն ու տնտեսական աճին, պատերազմի իրական ազդեցությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ֆինանսական մեծ ծախսերը, զինանոցների սպառումը և մարդկային կորուստները։ Հակամարտության ընթացքում զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, իսկ տարածաշրջանում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 7500-ը։







