ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը հուլիսի 8-ին հարվածների նոր փուլ են իրականացրել Իրանի տարածքում: Կառույցի հայտարարության մեջ նշվում է, որ հարվածների նպատակն է էլ ավելի թուլացնել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու Թեհրանի կարողությունները:
Ըստ հաղորդագրության՝ ամերիկյան ուժերը խոցել են Իրանի ափամերձ գոտում գտնվող շուրջ 90 ռազմական թիրախ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ հսկողության միջոցներ, հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմածովային և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ:
Իրանական կողմի հաղորդմամբ՝ երկրի 5 նահանգում ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը:
Իրանի բանակն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներին ի պատասխան՝ մեծաքանակ հարվածային ԱԹՍ-ներով թիրախավորել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ վառելիքի պահեստարաններ Բահրեյնում, «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգեր Քուվեյթում, արբանյակային կայաններ Կատարում:
Հիշեցնենք, որ Իրան-ԱՄՆ լարվածությունը սրվել է օրեր առաջ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա Իրանի հարձակումից հետո:







