Հուլիսի 12-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ կիրառելով 13 հրթիռ և 115 տարբեր տեսակի անօդաչու թռչող սարք: Ուկրաինայի զինված ուժերի տարածած հաղորդագրության համաձայն՝ հակաօդային պաշտպանության միջոցներին հաջողվել է ոչնչացնել կամ չեզոքացնել 102 թիրախ, այդ թվում՝ 7 կառավարվող հրթիռ և 95 անօդաչու:
Ըստ ուկրաինական կողմի՝ չնայած ՀՕՊ աշխատանքին՝ երկրի 12 տարբեր վայրերում արձանագրվել են հրթիռների ու ԱԹՍ-ների հարվածներ, իսկ ևս 12 կետերում ընկել են խոցված թիրախների բեկորները:
Զուգահեռաբար, նույն գիշերվա ընթացքում Ուկրաինան անօդաչուներով լայնածավալ գրոհ է իրականացրել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի 16 տարածաշրջաններում, այդ թվում՝ Մոսկվայի մարզում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 349 ԱԹՍ: Ռուսական կողմի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում 13-ամյա տղա է զոհվել:








