Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հրթիռային հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ՝ մեղադրելով թագավորությանը իրենց վերահսկողության տակ գտնվող Սանայի միջազգային օդանավակայանի ռմբակոծման մեջ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Հութի զինյալների խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է, որ թիրախավորվել է Սաուդյան Արաբիայի Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանը։ Սա հութիների առաջին հայտարարած հարվածն է Սաուդյան Արաբիայի տարածքին 2022 թվականի հրադադարից հետո։
Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի ներկայացուցիչը հայտնել է, որ թագավորության հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են երկրի հարավային շրջանների ուղղությամբ արձակված հրթիռները։
Ավելի վաղ հութիները Սաուդյան Արաբիային մեղադրել էին Սանայի միջազգային օդանավակայանին ավիահարվածներ հասցնելու մեջ՝ դրանք որակելով որպես «բացահայտ ագրեսիա» և հայտարարելով, որ ավարտում են լարվածության նվազեցման շրջանը։ Նրանք նաև ավիաընկերություններին կոչ են արել չօգտագործել Սաուդյան Արաբիայի օդային տարածքը, քանի դեռ չի վերացվել Սանայի օդանավակայանի «շրջափակումը»։
Սանայի օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը, սակայն, ստանձնել էր Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարարությունը՝ հայտարարելով, որ թիրախավորվել է օդանավակայանի թռիչքուղին՝ Իրանից ժամանող ինքնաթիռի վայրէջքը կանխելու նպատակով։ Ավելի ուշ հաղորդվել է, որ իրանական ինքնաթիռը վայրէջք է կատարել հութիների վերահսկողության տակ գտնվող Հոդեյդայի օդանավակայանում։
Նոր լարվածությունը սպառնում է կրկին ակտիվացնել հակամարտությունը Սաուդյան Արաբիայի և հութիների միջև, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նաև Կարմիր ծովի նավագնացության և տարածաշրջանային անվտանգության վրա։







