Հուլիսի 25-ին Ուկրաինան հարված էր հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական նավին՝ պնդելով, թե այն Ռուսաստանին զինամթերք է մատակարարում: Թեհրանը հերքել է այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ նավը քաղաքացիական բեռ էր տեղափոխում և Ռուսաստանի Աստրախան նավահանգստից ուղևորվում էր դեպի Իրանի Էնզելի նավահանգիստ։ Իրանական ILNA լրատվական գործակալության համար գրված հոդվածում Ռուսաստանի հարցերով իրանցի փորձագետ Շուայբ Բահմանը կարծիք է հայտնել, որ ուկրաինական հարվածը պետք է դիտարկել մի քանի հիմնական հարթություններում:
Ռազմավարական ազդանշան Մոսկվային
Իրանցի վերլուծաբանի գնահատմամբ՝ Կասպից ծովում իրականացված այս գործողությունն առաջին հերթին ռազմավարական ազդանշան էր Ռուսաստանին։ Ըստ Բահմանի՝ Ուկրաինան և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ձգտում են ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը։ Փորձագետը նշում է, որ եթե վերջին ամիսներին Կիևին հաջողվել է պատերազմը տեղափոխել Ռուսաստանի խորքեր՝ թիրախավորելով նավթավերամշակման գործարաններն ու ենթակառուցվածքները, ապա այս քայլով փորձ է արվում ապակայունացնել նաև Մոսկվայի համար մինչ այժմ անվտանգ համարվող հարակից գոտիները, մասնավորապես՝ Կասպից ծովի ավազանը։ Նրա դիտարկմամբ՝ սա Ռուսաստանին կստիպի դիմել պաշտպանական ու ռազմական նոր միջոցների։
Ճնշում Իրանի հյուսիսային ուղղության վրա
Անդրադառնալով իրանական կողմի վրա ազդեցությանը՝ իրանցի փորձագետը ընդգծում է, որ ԱՄՆ-ն, Պարսից ծոցում ընթացող բախումներին ու տնտեսական ճնշումներին զուգահեռ, փորձում է խոցելի դարձնել նաև Իրանի հյուսիսային լոգիստիկ ուղիները։ Բահմանի համոզմամբ՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս կազմող իրանական երկաթուղային հատվածների, Զիբաքենարի ու Անզալիի նավահանգիստների, ինչպես նաև Կասպից ծովում նավի թիրախավորումը փաստում են Թեհրանի հյուսիսային սահմաններին լարվածություն ստեղծելու Վաշինգտոնի մտադրության մասին։ Ըստ իրանցի վերլուծաբանի՝ Ուկրաինան այս դեպքում հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի «պրոքսի» ուժ, և նման ոտնձգությունը չպետք է անպատասխան մնա Իրանի կողմից։
Երկու ճակատների միավորման փորձ
Գլոբալ մակարդակում, ըստ Շուայբ Բահմանի, Արևմուտքը փորձում է ռազմավարական կապ հաստատել Ուկրաինական պատերազմի և Իրանի շուրջ ընթացող հակամարտության միջև։ Իրանցի փորձագետի կարծիքով՝ նման միահյուսման նպատակն է ձևավորել ավելի լայն հակաիրանական դաշինք և եվրոպական երկրներին ավելի խորը ներգրավել Թեհրանի դեմ դիմակայության մեջ։
Ամփոփելով իր վերլուծությունը՝ իրանցի մասնագետը նշում է, որ Թեհրանն ու Մոսկվան, համաչափ պատասխան գործողություններից զատ, պետք է իրենց ռազմավարական հաշվարկներում հաշվի առնեն Արևմուտքի՝ այս երկու ճակատները միավորելու միտումը և համատեղ քայլեր մշակեն հետագա սպառնալիքներին դիմակայելու համար։







