Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարել է «Սաեղե» («Կայծակ») գործողության 27-րդ փուլի իրականացման մասին, որի շրջանակում հարվածներ են հասցվել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմավարական կենտրոններին:
Բանակի հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան իրանական Ղեշմ կղզում բնակելի տան վրա ամերիկյան ուժերի հարձակման: Իրանական հարվածային ԱԹՍ-ները թիրախավորել են Քուվեյթի «Ահմադ ալ-Ջաբեր» ռազմաբազան, ինչպես նաև սպառազինության ու տեխնիկայի պահեստները: Իրանական կողմի ընդգծմամբ՝ «Ահմադ ալ-Ջաբեր» բազան առանցքային դեր է խաղում տարածաշրջանում ԱՄՆ-ի օդային ու հետախուզական գործողություններում և հանդիսանում է ամերիկյան ուժերի օդային աջակցության կարևորագույն կենտրոններից մեկը:
Հայտարարության մեջ նշվում է, որ սպառնալիքներն ու հարձակումները միայն ավելի են միավորում Իրանին իր «սրբազան պաշտպանության» գործում:
Հիշեցնենք, որ մի քանի օր տևած դադարից հետո Իրանն ու ԱՄՆ-ն նորից վերսկսել են փոխադարձ հարվածները՝ ոչ նախկին ինտենսիվությամբ:







