Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որով Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի հայտարարել է «անցանկալի անձ» (persona non grata) և արգելել նրանց հետագա մուտքը Իրանի տարածք: Այս մասին հայտնում է իրանական IRIB լրատվական գործակալությունը:
Իրանի ԱԳՆ փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է նշված դիվանագետների կողմից միջազգային իրավունքի, մասնավորապես՝ դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի դրույթներին հակասող գործունեություն ծավալելու պատճառով:
Իրանական կողմը նշում է, որ չնայած նրանց «ապօրինի վարքագծի» բացահայտումից անցել է մի քանի շաբաթ, Ֆրանսիայի կառավարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել այդ վարքագիծը շտկելու կամ նմանատիպ գործողությունների կրկնությունը բացառելու երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշում է կայացրել կիրառել դիվանագիտական համապատասխան ընթացակարգերը:
Թեհրանի այս քայլին ի պատասխան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է առաջիկա օրերին իրանցի երկու դիվանագետների արտաքսման մասին:
Նշենք, որ Ֆրանսիայի և Իրանի միջև լարվածությունը սրվել է հուլիսից, երբ իրանական անվտանգության ծառայությունները Թեհրանում մի քանի ժամով բերման են ենթարկել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցի՝ «արտաքին միջամությանն» առնչվող գործի քննության շրջանակներում:







