Մոսկվան ակնկալում է, որ Վրաստանի իշխանությունները համապարփակ միջոցներ կձեռնարկեն «ռուսատյացության» դրսևորումները կանխելու և երկիր այցելող ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Վրաստանում ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ «որոշ լուրջ միջադեպեր» են տեղի ունեցել, որոնք պահանջում են վրացական իշխանությունների ուշադրությունն ու համապատասխան գործողությունները։
«Հակառուսական դրսևորումները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է Զախարովան։
Նա նշել է, որ 2023 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումից հետո Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջային հոսքն աճել է 1,5 անգամ՝ հասնելով 1,6 մլն մարդու։ Զախարովայի խոսքով՝ ներկայում Վրաստան այցելող յուրաքանչյուր չորրորդ զբոսաշրջիկը Ռուսաստանից է։
Անդրադառնալով ռուս-վրացական հարաբերություններին՝ Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ձգտում է պայմաններ ստեղծել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Միաժամանակ նա հայտնել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցն առայժմ օրակարգում չէ։ Զախարովայի խոսքով՝ այդ հարցում նախաձեռնությունը պետք է բխի Վրաստանից, որը դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008 թվականի օգոստոսին՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո։








