Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 27-ին ընդունել է «Watermelon Ecosystem»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Օմար Մոհամմադ Համդան Աբդուլլա Ալշամսիին։
Ըստ էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության՝ Օմար Ալշամսին ներկայացրել է ԱՄԷ-ում հիմնադրված «Watermelon Ecosystem» հարթակի գործունեությունը, որը միավորում է ռեստորաններին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների և մատակարարման շղթայի կառավարման լուծումներ։
Կողմերը քննարկվել են համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև հայկական արտադրողների՝ ԱՄԷ-ի և այլ միջազգային շուկաների գնորդների ու դիստրիբյուտորների հետ կապերի հաստատման հնարավորությունները։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացված ներդրումներն ու միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրական կարողությունները՝ կարևորելով հատկապես փոքր և միջին արտադրողների համար միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի երկարաժամկետ և կայուն արտահանման կազմակերպման համար։ Նախատեսվում է արդեն հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։








