Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Իրանի և ՌԴ նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը:
Փեզեշքիանը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ գործողությունները՝ դրանք անվանելով անօրինական: Անդրադառնալով ԱՄՆ հետ կնքված հուշագրին՝ նա նշել է. «Եթե հակառակ կողմը ցանկանա շարունակել, մենք հավատարիմ ենք այն նույն հուշագրին, որը ստորագրել ենք։ Եթե ԱՄՆ-ն վերադառնա այդ հուշագրին, մենք նույնպես կկատարենք այն: Այդ հուշագրում մենք չենք պահանջել ոչինչ, բացի մեր երկրի իրավունքներից, և դա հենց այն է, ինչին ձգտում ենք։ Ըստ էության, ԱՄՆ-ն չի կարող ապօրինի պահանջներ պարտադրել մեր երկրին»։
Փեզեշքիանը նաև բարձր է գնահատել Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի դերը միաբևեռ աշխարհակարգի դեմ պայքարում՝ աջակցություն հայտնելով Պուտինի՝ բազմաբևեռ աշխարհ ստեղծելու տեսլականին և վստահություն հայտնելով, որ միակողմանիության դեմ պայքարող երկրները հասնելու են հաղթանակի։







