Երևանում մեկնարկել է հայ-թուրքական գործարար համաժողովը, որի շրջանակում քննարկվում են Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական ու գործարար կապերի զարգացման, տարածաշրջանային հաղորդակցության, առևտրի, ներդրումների և հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
Region Monitor-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովի բացման ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը մեծապես աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև գործարար շփումների ակտիվացմանը, հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային նոր հաղորդակցության նախագծերին։
Մարագոսը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի ԵՄ համար․
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը մեզ համար շատ կարևոր է։ Մենք հույս ունենք առաջիկայում առաջընթաց տեսնել ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական մակարդակներում», – նշել է ԵՄ ներկայացուցիչը։
Նա առանձնացրել է Հայաստանի և Եվրամիության համագործակցության երկու հիմնական ուղղություն՝ մասնավոր հատվածի աջակցությունն ու տարածաշրջանային կապակցվածության զարգացումը։
Մարագոսի խոսքով՝ Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանում մասնավոր հատվածի ներդրումներին՝ արտոնյալ վարկերի և ֆինանսական միջոցների տրամադրման միջոցով։ Միայն նախորդ տարի այդ նպատակով տրամադրվել է ավելի քան 100 մլն եվրո, ինչի արդյունքում աջակցություն է ստացել ավելի քան 20 հազար փոքր և միջին ձեռնարկություն։
Կապակցվածության ուղղությամբ ԵՄ ներկայացուցիչը նշել է տրանսպորտային և թվային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։ Նա առանձնացրել է նաև Սև ծովի ստորջրյա մալուխի նախագիծը, որը, ըստ նրա, կարող է նպաստել Հայաստանի և Եվրամիության միջև թվային կապի ամրապնդմանը։
ԵՄ ներկայացուցիչը խոսել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև առևտրի ընդլայնման հնարավորությունների մասին՝ ընդգծելով եվրոպական շուկա հայկական արտադրանքի մուտքի դյուրացման կարևորությունը։
Նրա խոսքով՝ Եվրամիության աջակցությունը չի սահմանափակվում միայն առևտրով և ներդրումներով։ Կարևոր ուղղություն են նաև մարդկանց միջև շփումները, գործարար կապերը և հասարակությունների միջև փոխըմբռնման խորացումը։
«Մենք հարևաններ ենք և ցանկանում ենք ավելի լավ ճանաչել միմյանց։ Միմյանց ճանաչելը, միմյանց լեզուն իմանալը կարևոր է կայունություն, խաղաղություն և համակեցություն ստեղծելու համար», – ասել է նա։
Ելույթի ավարտին ԵՄ ներկայացուցիչը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ այն անվանելով տարածաշրջանային կարգավորման և հաղորդակցության կարևոր ճանապարհային քարտեզ։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կարող է հիմք հանդիսանալ ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի հարաբերությունների կարգավորման համար։
«Մենք կրկին ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Մենք աջակցեցինք այս նախագծին, քանի որ այն ճանապարհային քարտեզ է և կենսական նշանակություն ունի կարգավորման գործընթացի համար», – նշել է ԵՄ ներկայացուցիչը։







