ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Եվրահանձնաժողովի՝ Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման առաջարկին։ Նախատեսվող միջոցառումները կվերաբերեն Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ին։
Որոշումը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանում վերջերս սահմանված առևտրային սահմանափակումներից հետո, որոնք ազդել են հայկական ապրանքների արտահանման և տարանցման ուղիների վրա։
Նախագծով նախատեսվում է երկու տարով ժամանակավորապես վերացնել հայկական մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների համար։
«Եվրոպան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք ընտրել են բարեփոխումների և Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության հստակ ուղի»,- հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն Մաքենթին։
Նշենք, որ առաջարկը դեռ պետք է հավանության արժանանա Եվրոպական խորհրդարանի կողմից։ Սպասվում է, որ այն կքննարկվի սեպտեմբերյան լիագումար նիստում, որից հետո հնարավոր կլինի կանոնակարգի վերջնական ընդունումը։
Հիշեցնենք, որ մայիսի վերջից Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք ապրանքների մատակարարումների նկատմամբ՝ դրանք հիմնավորելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, ծաղիկներին, հանքային ջրին, որոշ ալկոհոլային խմիչքներին, մրգերին, բանջարեղենին, կաթնամթերքին և այլ ապրանքների։







