ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը փակված է համարում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լավրովի խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք ներգրավելու փորձերը պետք է դադարեցվեն, և այդ հարցը չպետք է կրկին քննարկման առարկա դառնա։ «Նա ասել է, որ հարցը փակված է, և պետք չէ այն կրկին առաջ մղել»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությունը հնչում է Ուկրաինայի շուրջ խաղաղության գործընթացի ակտիվացման պայմաններում։ Վերջին օրերին ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայում հանդիպել են Վլադիմիր Պուտինի, ապա Կիևում՝ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ բանակցությունների վերսկսման հնարավորությունները քննարկելու նպատակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ ներկայում Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության հեռանկար չկա։







