Իրանի դեմ ԱՄՆ-ի վեց ամիս շարունակվող պատերազմը Վաշինգտոնին արդեն արժեցել է 38 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը (CBO), փոխանցում է Reuters-ը։
Գրասենյակի հաշվարկներով՝ պատերազմի շարունակման դեպքում ծախսերը կարող են աճել ամսական ևս 3 միլիարդ դոլարով։ Միաժամանակ, զինամթերքի արագ սպառման պատճառով ԱՄՆ-ի որոշ ռազմական պաշարների վերականգնումը կարող է տևել մինչև 5 տարի։
Ըստ զեկույցի՝ 21,7 միլիարդ դոլար ծախսվել է զինամթերքի համալրման համար, ևս 10,4 միլիարդ դոլար ծախսվել է ավելացած թռիչքների, 2,7 միլիարդը՝ վառելիքի, իսկ 1,9 միլիարդ դոլարը՝ մարտերում կորցրած տեխնիկայի փոխարինման համար։ Մնացած 1,5 միլիարդ դոլարը կազմել են ռազմական գործողությունների այլ ծախսերը։
CBO-ն նաև կանխատեսում է, որ պատերազմի հետևանքով ԱՄՆ-ում գնաճը 2027 թվականի առաջին երեք ամիսներին կարող է ավելանալ 0,5 տոկոսային կետով։ Զեկույցի համաձայն՝ զինամթերքի պակասը կարող է սահմանափակել ԱՄՆ-ի հնարավորությունները մեկ այլ խոշոր հակամարտության դեպքում։ Միաժամանակ Սպիտակ տունը և Պենտագոնը հերքել են զինամթերքի պակասի մասին գնահատականները՝ պնդելով, որ ԱՄՆ զինված ուժերն ունեն բավարար պաշարներ։
CBO-ի զեկույցը ներառում է մինչև օգոստոսի մեկն ընկած ժամանակահատվածը. հաշվարկված չեն Հորմուզի նեղուցում վերջին հարձակումների, տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին հասցված վնասների և պատերազմի ֆինանսավորման համար վերցված պարտքի սպասարկման բոլոր ծախսերը։ Դրանք կարող են պատերազմի ընդհանուր արժեքը զգալիորեն բարձրացնել։
Հիշեցնենք, որ հուլիսին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Կոնգրեսից խնդրել էր մոտ 90 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում՝ զինամթերքի պաշարները համալրելու համար։







