Հունվարից ի վեր Սիրիայում տեղահանվածների ճամբարներից ավելի քան 60 հազար մարդ վերադարձել է իր բնակավայր։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տվյալներով՝ վերադարձողների թիվը հատկապես աճել է հուլիսին և օգոստոսին։ Այս մասին հայտնում է «Arab News»-ը։
Միայն այդ երկու ամսում փակվել է տեղահանվածների բնակության 130 կենտրոն, իսկ ճամբարներից հեռացել է 38 836 մարդ։ Վերադարձը շարունակվում է Սիրիայի իշխանությունների՝ ճամբարները փակելու ծրագրի շրջանակում։
Իրենց բնակավայրեր վերադարձողներից շատերը բախվում են ավերված տների, հանրային ծառայությունների սահմանափակ հասանելիության և աշխատանքի պակասի խնդիրներին։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ մարդկանց վերադարձը կայուն դարձնելու համար անհրաժեշտ է վերականգնել բնակարանները, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերը, հիվանդանոցներն ու դպրոցները։
Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011 թվականին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ դրա հետևանքով ավելի քան 11 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը՝ տեղահանվելով երկրի ներսում կամ արտերկրում։ 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո ավելի քան 1,87 միլիոն սիրիացի վերադարձել է իր բնակավայր։







