Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 28-ին գաղտնի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ և հանդիպել ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում է «Channel 12»-ը՝ հղում անելով երկու անանուն աղբյուրի։
Ըստ աղբյուրի՝ Նեթանյահուն մասնավոր ինքնաթիռով մեկնել է Աբու Դաբի և այնտեղ մնացել մոտ չորս ժամ։ Այցի վերաբերյալ Նեթանյահուի գրասենյակը և ԱՄԷ-ի պաշտոնական կառույցները մեկնաբանություն չեն տվել։
Ըստ «Channel 12»-ի՝ այցը տեղի է ունենում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակման շուրջ նոր քննարկումների ֆոնին։ Մասնավորապես՝ «Haaretz»-ը սեպտեմբերին գրել էր, որ հարձակումից մոտ մեկուկես շաբաթ առաջ ԱՄԷ նախագահը Նեթանյահուին զգուշացրել էր, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի դեմ լայնածավալ գործողություն է ծրագրում։ Ըստ հրապարակման՝ այդ տեղեկությունը չի փոխանցվել Իսրայելի հետախուզությանը կամ բանակին։
Նեթանյահուն հերքել էր այդ տեղեկությունը և հայտարարել, որ կարող է իրավական քայլեր ձեռնարկել «Haaretz»-ի դեմ։ ԱՄԷ-ն հրապարակումը չի մեկնաբանել, սակայն նշել է, որ 2020 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Իսրայելի և ԱՄԷ-ի միջև պահպանվել են «բաց և անմիջական կապի ուղիներ»։







