Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մոտ ապագայում պատրաստվում է այցելել Ադրբեջան։ Այդ մասին հայտնել է իսրայելական «Israel Hayom»-ը, սակայն այցի հստակ ամսաթիվը չի նշել։
«Israel Hayom»-ի տվյալներով՝ այցի ընթացքում քննարկումների հիմնական թեմաներից կարող են լինել Թուրքիայի հետ հարաբերությունները, էներգետիկ հարցերը և Իրանի հետ կապված խնդիրները։ Նշվում է, որ եթե այցը տեղի ունենա, Նեթանյահուի երրորդ այցը կլինի Ադրբեջան։ Նա առաջին անգամ երկիր է այցելել 1997 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2016-ին։
Ըստ կայքի` Ադրբեջանի և Իսրայելի միջև վերջին տարիներին ձևավորվել են սերտ հարաբերություններ, այդ թվում՝ էներգետիկայի և անվտանգության ոլորտներում։ Միաժամանակ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, հատկապես Գազայի պատերազմից հետո։







